ԱԺ-ն դուրս է եկել սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը․ Մարուքյան

Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը ստորագրվել է «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անհրաժեշտ քանակի պատգամավորների կողմից
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի-Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիմնախնդիրները։
Մարուքյանի խոսքով`առաջին հիմնախնդիրն այն է, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։

ՍԴ դատավորի թեկնածուի հետ հանդիպմանը «Իմ քայլի» պատգամավորների կեսն է մասնակցել

«Այս համատեքստում Ազգային ժողովը պարտավոր էր դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով: Մասնավորապես Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական լիազորություն, հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին և հակասահմանադրական է»,–գրել է Մարուքյանը:

Պատգամավորը շեշտում է, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանդրական լիազորությունների շրջանակից՝ խախտելով Սահմանադրությունը, երբ, փաստացի փոփոխության ենթարկելով Սահմանադրության իրացված անցումային դրույթ 213-րդ հոդվածը, բովանդակային իմաստով փոփոխության է ենթարկել Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի մեջ։

Մարուքյանը վստահ է`Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առկա է վեճ։

Ինչու Վահրամ Ավետիսյանը հրաժարվեց ՍԴ դատավոր դառնալուց. «Ժողովուրդը» մանրամասնում է

Երկրորդ հիմնախնդիրը,ն ըստ Մարուքյանի, Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։
«Տեղեկացնում ենք նաև, որ դիմումը ներկայացվել է համատեղ ստորագրված` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անհրաժեշտ քանակի պատգամավորների կողմից»,–նշել է Մարուքյանը:

Վահրամ Ավետիսյանը ՍԴ դատավոր ընտրվելու համար ներկայացրած դիմումը հետ է վերցրել

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

Հետո խորհրդարանը ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, որից հետո այն ուժի մեջ կմտնի, և ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:

Սարգսյանը ՍԴ չի դիմի. ստորագրված օրենքները համապատասխանում են Սահմանադրությանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։