Մանվել Գրիգորյանի գույքը կմնա կալանքի տակ. դատավորը մերժեց միջնորդությունը

Մանվել Գրիգորյանն անկողնային վիճակում է և չի մասնակցում իր դեմ հարուցված քրեական գործով նիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրգործով հերթական նիստը։

Մանվել Գրիգորյանը ներկա չէ նիստին` առողջական վիճակից ելնելով։ Դատավորը հայտնեց, որ բուժհաստատությունից գրություն են ստացել, որ Գրիգորյանն անկողնային վիճակում է, տանը բուժում է ստանում։

Մանվել Գրիգորյանի ընտանիքին սպասարկող անձնակազմը վճարվել է Էջմիածնի բյուջեից. մանրամասներ

«Ամբաստանյալի բացակայությամբ նիստը շարունակել անհնար է, և այն ենթակա է հետաձգման։ Սակայն նախորդ նիստին պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանի գույքի վրա դրված կալանքը հանելու, ուստի մինչև նիստը հետաձգելը կքննարկենք միջնորդությունը»,–ասաց դատավորը։

Նա հայտնեց, որ Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ ՊԵԿ հարցում են ուղարկել և պատասխան ստացել, որ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 2018–20թթ. 1 մլրդ 36 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություններ ունի։

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը, դիմելով դատարանին, ասաց, որ այդ իսկ պատճառով էլ ուզում են Գրիգորյանի գույքի մի մասը կալանքից ազատվի ` 9 մլն դրամի չափով, որպեսզի հարկային պարտավորությունները կատարեն։ Իսկ հարկային պարտավորություններն առաջացել են, քանի որ ընկերությունը շահույթ չի ստացել այս ընթացքում, աշխատավարձեր չի կարողացել վճարել։

Դատավոր Մարտիրոսյանն էլ ասաց, թե արձանագրում է, որ երբևէ չի արգելել «Արա և Այծեմնիկ» ընկերությանը կատարել իր հարկային պարտավորությունները։ Ուստի, պաշտպանների ներկայացրած միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։

Գեներալի ընտանիքի անձնական «խնդիրները» հրապարակելը կոռեկտ չէ. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Դեռ նախորդ տարվա նոյեմբերի 5-ին կայացած նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին` որպես առերևույթ վնասի փոխհատուցում։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին, ելնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից, որոշեց նրա խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա տուն է տեղափոխվել։

Մանվել Գրիգորյանի դուստրը «փախել» է, հայրը նրան չի ներում մի քանի պատճառով. «Հրապարակ»

Գրիգորյանի պաշտպանները դատական հայց են ներկայացրել առողջապահության նախարարության դեմ։ Հայցը Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելու և համապատասխան եզրակացություն տալու պարտավորեցնող պահանջով է։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։