ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Այսօր գիշերը Լոնդոնում մահացել է Այսուլթան Նազարբաևը` Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը։ Zakon.kz-ի հաղորդմամբ` մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Ընդամենը 10 օրից Այսուլթան Ռահատովիչ Նազարբաևը կդառնար 30 տարեկան։ Նա ծնվել է 1990թ. օգոստոսի 26-ին Ղազախստանի նախկին նախագահի ավագ դստեր` Դարիգա Նազարբաևայի և Ռահաթ Ալիևի ընտանիքում:
Սովորել է Աստանայի «Շարունակական կրթության միջազգային քոլեջում», ինչպես նաև Ավստրիայի «Ամերիկյան միջազգային դպրոցում»։ 2010 թվականին ավարտել է Սանդհերսթի Բրիտանական թագավորական ռազմական ակադեմիան։ 2012 թվականին սկսել է աշխատել Ղազախստանի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունում, որտեղ ծառայել է մեկ տարի:
Այսուլթան Նազարբաևը հետաքրքրվում էր ֆուտբոլով։ 2006 թվականին Ղազախստանի առաջին լիգայում երկու խաղ է անցկացրել մայրաքաղաքային «Ռախատի» կազմում, 2007թ.-ին եղել է Ալմա Աթայի «Ժելեզնիչնիկ» ակումբի կազմում: Մասնակցել է 2006 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարին և այլն։
Նազարբաևի թոռը պայմանական դատապարտվել է լոնդոնցի ոստիկանին կծելու համար
Ինչպես հաղորդում է Sputnik Ղազախստանը, Նազարբաևի թոռը բուժվում էր թմրանյութերից կախվածություն ունեցողների համար նախատեսված կլինիկայում։
Այսուլթան Նազարբաևը սոցցանցի իր անձնական էջում մի քանի հրապարակումներ էր արել, որոնք ոչ միանշանակ էին ընդունվել Ղազախստանում։ Իր վերջին հրապարակումը նա հուլիսի 17–ին է արել։