Երևանի բնակֆոնդի պատմությունը, կամ ինչպե՞ս երևանցի աշխղեկը շահեց ապագա զոքանչի սիրտը

Բնակարանների սեփականատերերը մտահոգ են. գույքահարկն ավելանում է, բայց բոլորը չէ, որ կարող են այն վճարել։ Երևանում բնակարանները շատ են ու տարբեր, դրանցում ապրող մարդիկ` ևս։ Թե ինչպե՞ս է ձևավորվել Երևանի բնակֆոնդը՝ հիշում է Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։
Sputnik

Սկզբում հայտնվեցին «ստալինկաները», հետո «խրուշչովկաները», այնուհետև «բրեժնևկաները», այսօր արդեն թանկարժեք «առանձնատների» մի ամբողջ թաղամաս, որոնց վրա խեթ է նայում Քննչական կոմիտեն։  Ամեն ինչ սկսվեց «ստալինկաներից»։

Ի՞նչ են դրանք և ինչու՞մն է դրանց գրավչությունը։ Երևանում այդ շենքերը կառուցվել են անցած դարի 30-ականների վերջից մինչև 50-ականների կեսերը, գլխավորապես Մաշտոցի անվան (այն ժամանակ, բնականաբար Ստալինի անվան) պողոտայի երկու կողմերում, որոնք  ամուր կանգնած են նաև այսօր։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Կհարցնեք՝ի՞նչ առավելություններ ունեն «ստալինկաները»։ Շատ։ Ընդարձակ շքամուտքեր, երկաթակուռ ճաղաշարեր, սալիկապատ հատակը, նույն հարկում ոչ ավել, քան երկու կամ երեք բնակարաններ` 50-100 քմ մակերեսով, մինչև 3 մետր ձգվող առաստաղներով, առանձին սանհանգույցով, մեծ  խոհանոցով, ընդարձակ պատշգամբով, որոնք գերազանցապես գտնվում են քաղաքի պատմական մասում։ Եվ սա դեռ ամենը չէ։

Առաջին հայացքից գայթակղիչ այս բնակարանները, սակայն, թերություններ էլ ունեն։ Շենքերը բավական հին են (տարիքն այստեղ էլ անհնար է թաքցնել), գները` թանկ։ Կարծես՝ այսքանը։

Մաշվածության մասին ավելի մանրամասն․ մինչև 1945 թվականը կառուցված «ստալինկաներին» 125 տարվա կյանք էին խոստանում։ Իսկ 45 թվականից հետո կառուցվածները նախատեսված են մինչև 150 տարվա շահագործման  համար։

«Հին Երևանի»` խախտումներով շինարարություն իրականացնելու դեպքով քրգործ է հարուցվել

Հիմա «խրուշչովկաների» մասին։ Շինարարական նորմերի ու կանոնների համաձայն` դրանց շահագործման համար կես դար էր հատկացված։ Բայց երևանյան Չերյոմուշկաներում մեր երկարակյացներն իրենց դարն արդեն ապրել են և տա Աստված, որ շարունակեն գոյատևել առանց միջադեպերի։

Սակայն ամեն ինչ իր վերջն ունի և նույնիսկ «ստալինկաները» հավերժ չեն, չնայած Երևանում դրանք դեռ երկար են կանգուն կմնան։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանք կարծես հատ–հատ կառուցված լինեն, քանի որ բառիս բուն իմաստով ձեռքի աշխատանք են։

Կարող եմ անձամբ վկայել՝ Մաշտոցի պողոտայում գտնվող N 24 բնակարանի օրինակով, որում ապրել եմ։ Բնակարանի հիմքի փորվածքն արել են ձեռքով` բահ, լինգ,  քլունգ, ձեռնասայլակներ։ Ճակատային և ներսի պատերի քարերը (վարդագույն տուֆ) տեղափոխել են մեծ բեկորներով, որոնք տեղում ավելի փոքր կտորների են բաժանել, հետո դրանք խելքի են բերում քարտաշները, որոնք օգտագործել են հատիչ, մուրճ, պեմզա։ Միևնույն ժամանակ դրանք կառուցելիս քարտաշները կիլոգրամներով կուլ են տվել դեպի երկինք բարձրացող փոշու քուլաները, ռեսպիրատոր դիմակներ նրանք չեն դրել, հարիր չէր։

Երևանի բնակֆոնդի պատմությունը, կամ ինչպե՞ս երևանցի աշխղեկը շահեց ապագա զոքանչի սիրտը

Քարերը  նույնպես ձեռքով են վերև բարձրացրել, հատակի ծածկի համար ցեմենտի խառնուրդը խառնել են բոլորի աչքի առաջ, այնուհետև բահերով պատգարակների վրա լցրել, ոտքով բարձրացել կոնկրետ հարկ և գործի անցել։ Թե մեկ հերթափոխի ժամանակ քանի անգամ են բարձրացել-իջել ոչ ոք չէր հաշվել։ Բետոնախառնիչը  և ինքնաթափ բեռնատարները հայտնվեցին միայն 50-ականների կեսերին։

Օգտագործվող նյութերը` քարը, փայտը, մետաղը, ապակին և այլն, բոլորը բարձրորակ են եղել, շինարարները` նույնպես, և զարմանալու ոչինչ չկա, որ շենքերն ինչպես կառուցվել են, այդպես էլ կանգուն մնացել են․․․

Երևանի բնակֆոնդի պատմությունը, կամ ինչպե՞ս երևանցի աշխղեկը շահեց ապագա զոքանչի սիրտը

Շինանյութի գողությունները սկսվեցին «խրուշչովկաների» կառուցման տարիներին, ինչի պատճառով երկրաշարժն ավերեց Լենինականի շենքերի մեծ մասը։ Աստված մի արասցե, եթե Երևանում նման բան պատահեր, նույն պատկերը կլիներ։ Ցեմենտը, ավազը պակաս էին լցնում, փոխում դրա տեսակը, հապճեպ  արմատուրա կապում, շտապում էին շահագործման հանձնել շենքը ։

«Բրեժնևկաների» ժամանակ կառուցել են ինչպես պատահի, հաճախ՝ ինչպես ցանկացել են։ Որպես ասածիս վառ ապացույց մի օրինակ բերեմ։

Երկու ընկեր ապրում էին Հրաչյա Քոչարի փողոցի 27 ա հասցեում  գտնվող շենքի նույն հարկում։ Երկուսի բնակարանն էլ երկսենյականոց էր։

– Քեզ չի թվո՞ւմ, որ քո ճաշասենյակը իմինից մեծ է, – մի օր նրանցից մեկը հարցրեց մյուսին։

– Ինձ չի թվում, դա իսկապես այդպես է։

– Այդ ինչպե՞ս, – զարմացել է ընկերը։

Պարզվում է՝ բնակարանը կառուցող աշխղեկը պատրաստվում էր ամուսնանալ այդ հարևաններից մեկի քրոջ հետ և ապագա զոքանչին դուր գալու համար, միջնապատը տասնյակ սանտիմետրեր հետ էր տվել դեպի մյուս հարևանի բնակարան։ Հարսանիքն, իհարկե, կայացավ, իսկ որոշ ժամանակ անց նույն հարկում մեկ այլ ընտանիք հաստատվեց, սակայն հյուրասենյակի պատն այլևս տեղից չշարժվեց։ Ընկերությունը հաղթեց։

«Հին Երևանի կանգուն վկաները». Պուշկինի 38

Իսկ դրանից ավելի կարևոր էր փոխզիջումը։ Հայաստանի նախարարների խորհրդի տունը (Ավագ Պետրոսյանի փողոց) պետք է այնպես կառուցվեր, որ մինչև հարևան շենքի ճակատային մասը մոտ 5-6 մետր մնար։ Հարևան տան բնակիչները աղմուկ բարձրացրին։ Գլխավոր փաստարկն այն էր, որ իրենց զրկում են արևից։  Նախարարների խորհրդի տան բնակիչները հարցրին՝ իսկ եթե արանքում մեկական սենյակ խցկեն ու նրանց տա՞ն։

«Կլինի», – միաձայն ասացին ցուցարարները և յուրաքանչյուրը ստացավ իր հասանելիքը։

Ինչն է միավորում «բրեժնևկաներին», «խրուշչովկաներին» և երևանյան մյուս տներին` բացառությամբ անհատական նախագծով կառուցված դղյակների։ Կայանատեղիների բացակայությունը։ Այն ժամանակ բակերում ավտոկայանատեղիները համար տարածքներ չէին նախատեսում՝ մեքենաների  բացակայության պատճառով. անձնական օգտագործման մեքենաները սակավաթիվ էին։ «Ստալինկաների» բնակիչներին սպասարկում էին ծառայողական մեքենաները, որոնք բակեր մուտք չէին գործում, այլ սպասում էին փողոցում։ Բակերն իրենց նշանակությունն ունեին. այնտեղ վազվզում էին երեխաները, խաղում և մեծանում։

Աբովյան 10–ն ընդգրկվա՞ծ է հուշարձանների պահպանման ցանկում. ինչ գիտենք հրդեհված շենքի մասին

... Այդ բակերում խաղացող երեխաները վաղուց են մեծացել, իրենց երեխաներն ունեցել․․․ սերնդափոխություն է եղել, բայց հայրերից որդիներին, այնուհետև թոռներին, հետո էլ ծոռներին անցած «ստալինյան», «խրուշչովյան», «բրեժնևյան» տներն առ այսօր կանգուն են մնացել նաև այն պատճառով, որ դրանց պատերի ներքո շատ են աղոթել։

... Իսկ հինգաստղանի հյուրանոցների տեսքով կառուցված տները բանկային քարտի պարունակության և ճաշակի հարց են։ Կարծում եմ՝ դրանք հարմար են ժամանակավոր բնակության համար, իսկ հիմնական բնակվողներին շատ արագ կհոգնեցնեն, որովհետև հոգի չունեն․․.