Մաքսային կազուս ԵԱՏՄ-ում․ ինչպես Հայաստանից տարված մեքենաներն ապօրինի դարձան ՌԴ–ում

Հայկական համարանիշներով մեքենաները Ռուսաստանում փաստացի արգելքի տակ են հայտնվել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Sputnik Արմենիան փորձել է պարզել իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Հայկական համարանիշներով մեքենաների տերերը բավականին բարդ իրավիճակում են հայտնվել Ռուսաստանում։ Հայաստանից գնված ու Ռուսաստան տարված տրանսպորտային միջոցները գլխացավանք են դարձել սեփականատերերի համար․ հիմա նրանցից մաքսային փաստաթուղթ են պահանջում։ Իսկ այդ փաստաթուղթը Ռուսաստանում ստանալու համար պետք է գումար վճարել, որը երբեմն գերազանցում է մեքենայի արժեքը։

Հայաստանի ցամաքային սահմանը կշարունակի փակ մնալ. Իրանի ու Վրաստանի հետ թեման չի քննարկվում

Ինչպես հայտնի է, Հայաստանը մինչև 2020 թվականն օգտվում էր ներկրած մեքենաների ազգային մաքսատուրքերի ժամանակավոր պահպանման իրավունքից։ Այդ տուրքերը զգալիորեն ավելի ցածր էին, քան ԵԱՏՄ–ում գործող դրույքաչափերը, այդ պատճառով էլ Ռուսաստանի ու Ղազախստանի քաղաքացիները մեծ թվով մեքենաներ էին գնում Հայաստանից։ Միության երկրներից մեկում մաքսազերծված ապրանքը կարող է անարգել շրջանառվել մնացած բոլոր երկրներում։ Ավտոմոբիլային «բումն» իր գագաթնակետին հասավ 2018-2020 թվականներին։ Որոշ տվյալների համաձայն՝ այդ ընթացքում Հայաստանից մոտ 300 հազար մեքենա է արտահանվել Ռուսաստան։ Հենց այդ մեքենաների սեփականատերերն էլ այժմ հայտնվել են փակուղում։

Սկզբում հայկական համարանիշներով մեքենաների սեփականատերերին չէին անհանգստացնում, բայց հետո նրանց մասնակցությամբ տարատեսակ իրավախախտումները շատացան։ Նրանք այսպես ասած «իմունիտետ» ունեին, քանի որ արագաչափներն արձանագրում էին խախտումները, բայց ակտի մասին որոշումները հասցեատերեր չէին ունենում։ Ռուսական ու հայկական գերատեսչություններն ընդհանուր բազա դեռ չեն ստեղծել, թեև պայմանավորվել էին այդ մասին։

Հենց այդ պատճառով ՌԴ ՆԳՆ Պետավտոտեսչության ղեկավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն` ՌԴ քաղաքացիները կարող են 2014 թվականի հոկտեմբերից 2020 թվականի հունվարի 1–ը ներկրած հայկական համարանիշներով մեքենաները շահագործել միայն համապատասխան մաքսային փաստաթղթերի առկայության դեպքում։ Եվ հայկական համարանիշներով մեքենաները 2020 թվականի հուլիսից փաստացի օրենքից դուրս հայտնվեցին։

Խնդիրն այն է, որ ավտոտեսչության պահանջած փաստաթղթերը ոչ ոք չունի, ու ընդհանրապես ուժային գերատեսչության որոշումը հակասում է Մաքսային օրենսգրքի նորմերին։ Նման կարծիք հայտնեց իրավաբան-խորհրդատու Գոռ Ղազարյանը, որը հիմա զբաղվում է Կրասնոդարի երկրամասի ավտոսեփականատերերի խնդիրներով։

Մաքսային կազուս ԵԱՏՄ-ում․ ինչպես Հայաստանից տարված մեքենաներն ապօրինի դարձան ՌԴ–ում

Մինչ 2018 թվականի հունվարը, այսինքն՝ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ԵԱՏՄ կազմում Հայաստանի ներառվելու մասին պայմանագրի համաձայն, հանրապետություն բերված ու այստեղ մաքսազերծված մեքենաները ներքին օգտագործման ապրանք էին համարվում։ ԵԱՏՄ անդամ այլ երկրների համար այդ տրանսպորտային միջոցները արտասահմանյան ապրանք էին համարվում։ Դրանք կարող էին Հայաստանի տարածքից դուրս բերել միայն ժամանակավորապես, այն էլ՝ Հայաստանում մշտապես բնակվողները։ Ռուսաստանի ավտոտեսչություն այժմ այդ նորմին է հղում անում։

Երևանի քաղաքապետարանը նոր ավտոշուկայի տարածք է փնտրում. մայթեզրերի «շուկան» կվերացվի

Սակայն Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուն պես հավասարության նշան դրվեց «արտասահմանյան ապրանքների» ու ԵԱՏՄ ներքին ապրանքների միջև։ Ըստ օրենսգրքի՝ ԵԱՏՄ ցանկացած երկիր ներկված տրանսպորտային միջոցը, որը մաքսազերծվել է այդ երկրում գործող արտոնյալ ռեժիմով (Հայաստան) ու հետո ԵԱՏՄ երկրորդ երկիր է տարվել (Ռուսաստան), չի հայտարարագրվում, եթե այն նախատեսված է անձնական օգտագործման համար։

«Այժմ ավտոտեսչության հիշատակած նորմերի պատճառով միմյանց են բախվել Մաքսային օրենսգրքի ու Հայաստանի` ԵԱՏՄ–ին անդամագրվելու պայմանագրի դրույթները։ Ավտոտեսչությունը հայտարարագիր է պահանջում, բայց այդ մեքենաներն արդեն հայտարարագրվել ու հաշվառում են անցել Հայաստանում։ Մաքսային օրենսգրքի 260-րդ հոդվածը սահմանում է, որ Ռուսաստանի հետ սահմանին անհնար է մեքենա հայտարարագրել, իսկ 264-րդ հոդվածը սահմանում է, որ նման տրանսպորտային միջոցների համար ժամանակավոր ներկրում չի ձևակերպվում», - Sputnik Արմենիային ասաց Ղազարյանը։

Հասկանալով այս կազուսը՝ Հյուսիսային Օսեթիայի մաքսային վարչությունը 2018 թվականին դիմել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) խորհրդատվական կենտրոն՝ իրավիճակը պարզաբանելու խնդրանքով։ Կենտրոնում ասել են, որ ԵԱՏՄ այլ երկրներից ներկրված մեքենաները ենթակա չեն մաքսային հայտարարագրման։ Sputnik Արմենիան ունի ԴՄԾ պատասխանի պատճենը։

Մաքսային կազուս ԵԱՏՄ-ում․ ինչպես Հայաստանից տարված մեքենաներն ապօրինի դարձան ՌԴ–ում

«Ավտոտեսչությունը հիմա պահարանից հանել է Հայաստանի` միությանը միանալու մասին հին պայմանագիրը ու այդ փաստաթղթի հիման վրա պահանջում է հայտարարագրել հայկական համարանիշներով մեքենաները։ Հարց է ծագում` բա ո՞ւր մնաց Մաքսային օրենսգիրքը։ Իրավական հենց այս շփոթն է լուծում պահանջում», - ասաց Ղազարյանը։

Ընդ որում՝ Մաքսային օրենսգրքի առաջին հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ երկու նորմատիվ ակտերի միջև հակասությունների դեպքում նախապատվությունը տրվում է օրենսգրքին։

Ղազարյանի խոսքով՝ տարբեր շրջանների բնակիչներն այժմ համատեղ դիմում են ուղարկել Ռուսաստանի նախագահին՝ այդ խնդիրը լուծելու խնդրանքով։

Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի մաքսային իշխանությունն ու ոստիկանությունն էլ մեղքի իր բաժինն ունի։ Նրանք չպետք է գրանցեին այդ մեքենաները Ռուսաստանի, Ղազախստանի կամ Բելառուսի քաղաքացիների անունով։ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու մասին պայմանագրի համաձայն՝ այդ տրանսպորտային միջոցները մեր երկրում կարող են շահագործել միայն այն անձինք, որոնք մշտապես բնակվում են Հայաստանում։ Այնինչ ռուսաստանցիները կամ ղազախստանցիները ժամանակավորապես գրանցվում էին Հայաստանում, այդ հիմքով մեքենա գնում ու արտահանում։ Այս ամենից հետո հարց է ծագում՝ ինչպե՞ս է ռուսական մաքսատունը թույլ տվել, որ այդ մեքենաներն իր տարածք մտնեն։

Մաքսային կազուս ԵԱՏՄ-ում․ ինչպես Հայաստանից տարված մեքենաներն ապօրինի դարձան ՌԴ–ում

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը կարծում է, որ հարցը լուծելու համար պետք է միջամտի Հայաստանի իշխանությունը։ Նրա խոսքով՝ պարբերաբար նման խնդիրներ են առաջանում նաև Ռուսաստան տարվող այլ ապրանքների դեպքում։

Ղազախստանում լուծում են գտել Հայաստանից տարած մեքենաների գրանցման համար

Պատճառը, ամենայն հավանականությամբ, օրենսդրական ակտերի անկատարությունն է․ դրանք երբեմն կարող են հաշվի չառնել անկանխատեսելի հանգամանքները։ Նման իրավիճակները սովորաբար լուծվում են քաղաքական մակարդակով, երկրների ղեկավարների մակարդակով։

Քեյանը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ հայկական մեքենաների հետ կապված խնդիրներ էին առաջացել Ղազախստանում։ Այն ժամանակ կողմերին հաջողվեց միջանկյալ որոշում գտնել, որը թույլ տվեց մեքենաների տերերին առանց կրկնակի մաքսազերծման օգտագործել տրանսպորտային միջոցները։ Փորձագետը չի բացառում, որ հիմա էլ կարելի է նման մեխանիզմներ գործարկել։

Հայաստանի ոստիկանության ու Պետական եկամուտների կոմիտեի (որի ենթակայության տակ է գտնվում մաքսային ծառայությունը) կարծիքը լսելու համար դեռ օգոստոսի 5-ին գրավոր հարցումներ էինք ուղարկել այդ ատյաններ։ Ոստիկանությունը մինչև հիմա չի պատասխանել, իսկ ՊԵԿ-ից հայտնեցին, որ մեր հարցման պատասխանը լրացուցիչ աշխատանք է պահանջում։ Այդ աշխատանքի արդյունքները կհայտնեն 30 օրվա մեջ ընթացքում՝ «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» համաձայն։