Եկեք անկեղծ լինենք։ Հիմա արդեն քչերն են հիշում, թե ինչ տեղի ունեցավ ուղիղ 75 տարի առաջ օգոստոսի 6-ին։ Ահավոր բան կատարվեց՝ ամերիկացիները ատոմային ռումբ գցեցին Հիրոսիմա ճապոնական քաղաքի վրա, մի քանի օր անց միջուկային հարձակման զոհ դարձան նաև Նագասակի քաղաքի բնակիչները։
Այս ամենը դեռ անցած դարասկզբին կանխատեսել էր անգլիացի գրող Հերբերտ Ուելսը։ Ի դեպ, հենց ինքն է առաջին անգամ օգտագործել «ատոմային ռումբ» բառակապակցությունը։
Հերբերտ Ուելսը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բնականաբար, կոնկրետ չէր նշել, թե որ երկրներն են պատերազմելու Երկրորդ աշխարհամարտում, առավել ևս չէր ասել, թե հատկապես որ քաղաքներն են ենթարկվելու ռմբակոծման։ Այդ հարցը որոշվել է վերջին պահին՝ Ամերիկայի պաշտպանության նախարար Հենրի Սթիմսոնի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ։ Ամերիկայի պատմաբան Էդվին Ռայշաուերը պնդում է. «Ատոմային հարվածների նշանակետերի թվում սկզբում նշվում էր նաև Կիոտոն, բայց պաշտպանության նախարարը ջնջեց այդ քաղաքը ցուցակից։ Ինչու։ Պարզապես ժամանակին Կիոտոյում էր անցկացրել իր մեղրամիսը և հաճելի հիշողություններ ուներ այդ քաղաքի հետ կապված»։
Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի
Ի դեպ, պատմաբանները պնդում են, թե ատոմային ռումբը ստեղծած գիտնականներն ամեն կերպ փորձել են Ամերիկայի ղեկավարներին համոզել չռմբահարել բնակավայրերը, այլ ատոմային պայթյուն իրականացնել հեռավոր կղզիներից մեկում։ Դա արդեն բավարար կլիներ ողջ աշխարհին համոզելու համար, որ ԱՄՆ-ն ունի հզորագույն զենք, որը կարող է կիրառել իր հակառակորդների դեմ։ Բայց Ամերիկայի նախագահ Հարի Թրումենը անտեսեց գիտնականների այդ առաջարկը։
Մինչև հիմա էլ չեն դադարում վեճերն այն մասին, թե քանի մարդ զոհվեց ճապոնական երկու քաղաքների ռմբակոծությունների հետևանքով։ Փաստերն այսպիսին են։ Հիրոսիմայում ապրում էր մոտ 250 հազար, Նագասակիում՝ 200 հազար մարդ։ Ըստ պաշտոնական համարվող տվյալների` Հիրոսիմայում զոհվեց 90 հազար, Նագասակիում՝ 60 հազար մարդ։ Բայց այս մարդիկ մահացան անմիջապես։ Իսկ ողջ մնացածները շարունակում էին կյանքից հեռանալ միջուկային ճառագայթումից։ Եվ 2013 թվականին Ճապոնիայի կառավարությունն այսպիսի տվյալներ հրապարակեց՝ Հիրոսիմայում անցած տարիներին մահացել է ընդհանուր առմամբ ավելի քան 280 հազար մարդ, Նագասակիում՝ 160 հազար։ Շատ դժվար է ստույգ պարզել, թե քանիսի մահվան պատճառն են եղել ատոմային ռումբերը, որովհետև տասնամյակներ են անցել ու մարդիկ, իհարկե, նաև բնական մահով են հեռացել կյանքից։
Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով
Ինչ արդյունք տվեցին երկու քաղաքների այս ռմբահարումները։ Փաստն այն է, որ դրանցից մի քանի օր անց Ճապոնիան իրոք ճանաչեց իր պարտությունը, հետո էլ պաշտոնապես արձանագրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Իսկ ինչ է՝ եթե ամերիկացիները ատոմային ռումբեր չնետեին, Ճապոնիան շարունակելո՞ւ էր պատերազմել այն դեպքում, երբ նացիստական Գերմանիան վաղուց արդեն կապիտուլյացիայի էր ենթարկվել։ Ինչպես ասում են, պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում։
Մի հայտնի վարկած էլ կա, ըստ որի ամերիկացիները, ատոմային ռումբեր նետելով, պարզապես ուզում էին հասկացնել Խորհրդային Միության և անձամբ Իոսիֆ Ստալինին, որ ունեն հզորագույն զենք, որի դեմ, ինչպես ասում են, խաղ չկա։ Սակայն որոշ պատմաբաններ պնդում են՝ Ստալինը շատ լավ էլ գիտեր, որ Ամերիկայում միջուկային ռումբ է մշակվում, որովհետև մշակողները հիմնականում ձախակողմյան և պացիֆիստական գաղափարների կրողներ էին, և ոչ մի բան էլ չէին թաքցնում խորհրդային գործակալներից։ Այնպես որ Ստալինը շատ լավ էլ ամեն ինչ գիտեր, պնդում են պատմաբանները։
Անցած 75 տարում շատ ավելի հզոր զենք ստեղծվեց՝ ջրածնային ռումբը։ Բայց միջուկային զենքը այդպես էլ երբեք չկիրառվեց, չնայած այսօր արևմտյան մամուլն է փաստում, որ այժմ միջուկային զենք ունեն աշխարհի 8 պետություններ։ Եվ ամենահետաքրքիրը՝ հենց ատոմային հարվածների ենթարկված Ճապոնիայում երբեմն նախազգուշացումներ են հնչում՝ մենք էլ կարող ենք միջուկային զենք ստեղծել, եթե իրական սպառնալիք զգանք Հյուսիսային Կորեայի կողմից։ Բայց հիշենք Ալբերտ Էյնշտեյնին, որը դեռ տասնամյակներ առաջ ասել էր. «Եթե Երրորդ համաշխարհային պատերազմում ատոմային ռումբեր կիրառվեն, ապա Չորրորդ համաշխարհային պատերազմում մարդիկ մահակներով են կռվելու»։