ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Համավարակով պայմանավորված փակ սահմանների պատճառով զբոսաշրջության ոլորտը Հայաստանում վերացման եզրին է։ Զբոսաշրջային ընկերությունները բողոքում են, որ կառավարությունը չի խոսում նույնիսկ իրավիճակի լավացման աղոտ հեռանկարների մասին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ մինչև զբոսաշրջության շրջանի ավարտը միջազգային չվերթերը Հայաստանում չեն վերականգնվի։ Նա ասել է, որ դա լավ հնարավորություն է մեր երկրի նոր անկյունները բացահայտելու համար։
Սակայն ոլորտի ներկայացուցիչները վստահ են, որ ներքին զբոսաշրջությունը չի կարող իրենց համար փրկություն դառնալ։ My Georgia Travel-ի հայկական գրասենյակի ղեկավար Անուշ Եղիազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց շուկայում տիրող իրավիճակը: Այս ոլորտն աշխատանք էր ապահովում հյուրանոցների, ռեստորանների, հյուրատների անձնակազմերի, նաև զբոսավարների ու վարորդների համար։
Եկամուտն արտագնա ու ներքին զբոսաշրջությունից
Եղիազարյանի խոսքով՝ զբոսաշրջության գործակալությունների աշխատանքի միջին միջնորդավճարը մոտ 7% է։
«Ուրեմն պատկերացրեք․ ես 1200 դոլար արժողությամբ տուր եմ վաճառել, ինձ դրա 7%-ն է հասնում։ Ես օրական, որպես զբոսաշրջային գործակալ, ասենք` 10 նման տուր եմ վաճառում։ Իմ ընկերությունում ևս 5 զբոսաշրջային գործակալ կա, բոլորս էլ ամսական որոշակի գումար ենք վաստակում։ Համավարակի պատճառով ամեն ինչ կանգ է առել։ Հիմա ինձ խորհուրդ են տալիս ներքին տուրեր վաճառել։ Բայց կախված ուղղությունից` ներքին տուրի արժեքը 3,5-8 հազար դրամ է կազմում։ Իսկ կարանտինի մեղմացումից հետո անհավանական դեմպինգ է սկսվել։ Նույնիսկ 2,5 հազար դրամ արժողությամբ տուրեր կային», - նշեց նա։
Բացի այդ, արդեն մի քանի ընկերություն զբաղվում են ներքին տուրերով։ Նրանք հիմնականում աշխատում են մի քանի լեզվով տուրերի համադրության հաշվին։ Նույն ուղղությամբ մեկնում են և՛ տեղացիները, և՛ արտասահմանցի զբոսաշրջիկները, զբոսավարը 2-3 լեզվով է խոսում։
Արշավներն այդ տուրերի ցանկում չեն։ Դա զբոսաշրջության յուրահատուկ տեսակ է, որը որոշակի ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում։ Շուկայում դրանք նույնպես չափազանց շատ են, սովորական տուրօպերատորները չեն կարող այնտեղ ներխուժել։
Ինչ վերաբերում է հինավուրց եկեղեցիներ ու վանքեր այցելություններին, Հայաստանում սովորաբար ընտանիքով են գնում վանքերը նայելու, տուօպերատորներին չեն դիմում։
«Ինչպե՞ս, ու՞մ ու ինչքան տուրեր պետք է վաճառեն տուրօպերատորները, որ ոչ միայն չսնանկանան, այև աշխատակիցների աշխատավարձ վճարեն», - նշեց Եղիազարյանը։
Տուրօպերատորների ևս մեկ խնդիր է Հայաստանում հյուրանոցային համարների ամրագրումը։ My Georgia Travel ընկերությունը դրա դիմաց մոտ 10%, այսինքն՝ 1-3 հազար դրամ փոխհատուցում է ստանում։ Հարց է առաջանում՝ քանի համար է պետք ամրագրել հյուրանոցներում պարզապես գրասենյակի վարձակալության գումարը վճարելու համար։
Կորոնավիրուսը չի խանգարել Տավուշի տուրիստական հոսքերին
Ավելին՝ Հայաստանի հյուրանոցներից շատերը, չգիտես ինչու, նախընտրում են ավելի էժան տալ համարը Booking համակարգին, քան գործընկերոջը։ Ընդ որում՝ այդ փոքր արժեքի 15%-ը նույնպես տրվում է Booking-ին։
Կառավարության ոչ բավարար աջակցությունը
Ինչ վերաբերում է զբոսավարներին, նրանք օրական միջինը 20-25 հազար դրամ են վաստակում։ Ինչպե՞ս մարդը, որն ապրում ու ընտանիք էր պահում ամսական մոտ 400 հազար դրամով, հիմա ապրի 100 հազար դրամ ժամանակավոր աշխատավարձով։
Փոքր ընկերությունների ներկայացուցիչները դժգոհ են, որ կառավարությունը պատրաստ է արտոնյալ վարկեր տրամադրել միայն տարեկան 24-ից 500 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսավարողներին։
«Այսպիսով վերանում են բազում փոքր ընկերություններ, որոնք շատ զբոսաշրջիկներ էին մեր երկիր բերում։ Քննարկեք, սեկտորի համար ծրագրեր մշակեք», - ասում է Եղիազարյանը։
Նրա ու ոլորտի բազում այլ ներկայացուցիչների կարծիքով՝ պետք է հնարավորինս արագ զբոսաշրջային բիզնեսին ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագիր կազմել, հետաձգել վարկերի մարման վճարումները։
Բացի այդ, նրա կարծիքով, պետք է բանակցություններ սկսել սահմանները բացելու ու ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին, պետք է հստակ ժամկետներ սահմանել և մինչև ճգնաժամի ավարտն ազատել բիզնեսը հարկերից։
Ապագա տուրերն արդեն հիմա է պետք վաճառել
Որպեսզի զբոսաշրջիկները սեպտեմբերի կեսին Հայաստան գան, ներգնա զբոսաշրջության մասնագետը պետք է հիմա արդեն սկսի վաճառք անել։ Դա վերաբերում է նաև արտագնա տուրերին։ Ավիահաղորդակցության հարցն այն հարցը չէ, որը մի քանի օրում է լուծվում։ Դա բավականին երկարատև գործընթաց է։
«Չի կարելի միանգամից «բարձրացնել վարագույրն» ու փրկել ոլորտը։ Զբոսաշրջային բիզնեսը ռեստորան չէ։ Սակայն վաճառքի սկիզբն ու սահամանների բացման մասին հստակ տեղեկությունը կօգնեն տուրօպերատորին որոշ ժամանակ աշխատել կանխավճարով», - կարծում է Եղիազարյանը։
Նա օրինակ է բերում ռուսական շուկան։ Մոսկվան սահմանները բացելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերել Անկարայի հետ, ու միանգամից սկսվեց զբոսաշրջային փաթեթների վաճառքը։ Այո, սահմանները կարող են նշված ժամկետից ուշ բացվել, սակայն տուրօպերատորներն արդեն աշխատում են»,- նշում է գրասենյակի ղեկավարը։
Մինչդեռ իրավիճակը մարզերի հյուրանոցներում ու հյուրատներում այնքան էլ վատ չէ. դրանք ամբողջովին կամ մասամբ լիքն են։ Իսկ ի՞նչ անի Երևանի հյուրանոցների մազմամարդ անձնակազմը։ Եղիազարյանի խոսքով՝ հյուրանոցային բիզնեսի ոլորտի բազմաթիվ աշխատակիցներ կառավարության թույլ մենեջմենթի հետևանքով են անգործ մնացել։
«Մենք գումար չենք ուզում, բայց աշխատելու համար պայման ստեղծեք։ Աշխատավարձով ապրող սովորական քաղաքացու համար դա աղետ է։ Ինչո՞ւ ենք նստած նայում՝ ինչպես է տնտեսության մի ամբողջ սեկտոր խորտակվում», - վրդովվում է զբոսաշրջային գործակալը։
Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտի բազում աշխատակիցներ պատրաստ են անվճար աշխատել այդ հարցերի լուծման ուղղությամբ։
Երկրի դիրքավորումը
Սահմանները բացելն ու ավիահաղորդակցությունը վերսկսելը դեռ գործի կեսն է։ Պակաս կարևոր չեն PR-ը, մարքեթինգը, երկրի դիրքավորումն ու զբոսաշրջային ռազմավարությունը։
Եղիազարյանի կարծիքով՝ ներկայիս ռազմավարությունը նախատեսված է առաջիկա 10 տարվա համար, սակայն նախորդ նախագծերի կրկնօրինակն է ու ամբողջովին կորցրել է իր արդիականությունը։
«Պետք է ստեղծել խումբ, որը կաշխատի նոր ռազմավարության վրա ու կփոխի այն՝ կախված աշխարհում իրադարձությունների զարգացումից։ Զբոսաշրջիը պետք է նախապես իմանա, որ Հայաստանն անվտանգ երկիր է, որը հաղթահարել է կորոնավիրուսը, որը հետևում է անվտանգության բոլոր կանոններին։ Օրինակ՝ դիմել եմ Զբոսաշրջության հարցերի կոմիտեին ու հարցրել եմ՝ արդյո՞ք կարանտինից հետո հյուրանոցներում ախտահանում անցկացվելու է։ Ինձ այդպես էլ չպատասխանեցին։ Ու ընդհանրապես այդ հարցերով ոչ մի հայտարարություն չեն արել», - ասաց Եղիազարյանը։
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով քայլեր են ձեռնարկվում։ Մասնավորապես՝ հյուրանոցները 30-50% են բնակեցնում, COVID-19-ի թեստերն անցկացվում են երկիր ժամանելուց անմիջապես հետո։ Բացի այդ, վարակման դեպքում հյուրանոցները կարանտինի համար կորպուսներ են տրամադրում զբոսաշրջիկի հաշվին, դա նույնպես եկամտի աղբյուր է հյուրանոցի համար։
Ծովի փոխարեն` Թբիլիսի, լյուքսի փոխարեն` հոսթել. ի՞նչ է սպասում հայաստանցի զբոսաշրջիկին
Հիմա Հայաստանի քաղաքացիները ճամփորդում են առանց սանիտարական նորմերի պահպանման, որոշ հյուրանոցներ 100%-ով լցված են։ Ընդ որում՝ հյուրանոցները մի քանի շաբաթ առաջ արդեն ամրագրված են։
Իշխանությունն անհասանելի է
Եղիազարյանը նշեց, որ տուրօպերատորներն ուզում են համագործակցել իշխանության հետ, սակայն նրանց լսող չկա։ Զբոսաշրջության կոմիտեն մասնավոր սեկտորին ընդառաջ քայլեր չի ձեռնարկում։ Նրանք արդեն մի քանի ամիս է` լուռ են։ Երկու հանդիպում է եղել կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանի հետ, բայց արդյունք դեռ չկա։
«Մենք արդեն մի քանի ամիս է` ոչինչ չենք անում։ Այո, ամբողջ աշխարհում քաոս է, բայց պետք է սովորել դրա հետ ապրել», - կարծում է Եղիազարյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Pegas Travel Club ընկերության ղեկավար Ռուզան Հակոբյանն իր հերթին նշեց, որ իրենք չեն ստացել նույնիսկ իրենց առաջարկությունների սղագրությունը։ Առաջարկությունները հնչեցվել են գրեթե մեկ ամիս առաջ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի ու ԱԺ պատգամավորների մասնակցությամբ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ իրենք առաջարկել են, պատրաստակամություն են հայտնել մշակել արձանագրություններ, համավարակի ընթացքում աշխատանքի ռազմավարություն, սակայն կոմիտեն դրան նշանակություն չի տվել։
Հակոբյանը հայտնեց, որ նույնիսկ աշխատավարձը սուբսիդավորելու մասն իշխանության որոշումը չի տարածվում 5–ից պակաս աշխատակից ունեցող ընկերությունների վրա։
«Արդեն նրանց վրա հույս չեմ դնում։ Եթե չեղարկեն արտակարգ դրության ռեժիմն ու բացեն սահմանները, երևի ինքներս կլուծենք մեր խնդիրները», - ասաց ընկերության ղեկավարը։
Sputnik Արմենիայի թղթակիցը դիմեց Զբոսաշրջության կոմիտե ու խնդրեց տեղեկություն ներկայացնել՝ ինչ քայլեր են ձեռնարկվում ոլորտի խնդիրները լուծելու ուղղությամբ։
Կոմիտեում չկարողացան մեկնաբանել իրավիճակն ու խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, ինչը և արվեց։ Պատասխանը կհրապարակվի ստանալուն պես։
Նշենք, որ ավելի վաղ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը խոսել էր աշնանն արտասահմանցի զբոսաշրջիկներ ընդունելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ միայն դա կարող է փրկել զբոսաշրջության ոլորտն ամբողջական տապալումից։