ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ և ցավակցություն հայտնել երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական իրադարձության կապակցությամբ, որը մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի պաշտոնական գրասենյակը:
Արմեն Սարգսյանը խոսել է Արամ Ա–ի հետ ու աջակցելու պատրաստակամություն հայտնել
«Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցություն է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սարգսյանը Կիլիկիո Կաթողիկոսից հետաքրքրվել է նաև Բեյրութի մեր հայրենակիցների վիճակով, ազգային կառույցների, հոգևոր-մշակութային կենտրոններին հասցված վնասներով և որպես «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ`պատրաստակամություն է հայտնել մասնակցություն ունենալ դրանց վերականգնմանը:
Հիշեցնենք՝ oգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև տասնյակ հայեր կան, ևս հարյուր հայեր վնասվածքներ են ստացել։
Հայաստանը հատուկ չվերթով դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ կհասցնի Լիբանան
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի նիտրատն է եղել։
Բեյրութում ազգային սուգ է հայտարարվել: