Ողբերգական ավտովթարից 7 օր անց երեք ամսական աղջիկը գիտակցության է եկել

Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված երեք ամսական Ադելինան սկսել է ինքնուրույն շնչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի– Sputnik. Ողբերգական ավտովթարից 10 օր անց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական աղջիկը գիտակցության է եկել։ Լավ լուրը Facebook սոցցանցի իր էջում գրել է ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Երևան-Շորժա ավտոճանապարհին մեքենան շրջվել է. մեկ մարդ է մահացել

«Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա: Նա գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն»,–հայտնում է Դերձյանը։

Նրա խոսքով` երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել Աշտարակի խճուղում, հուլիսի 23-ին։ Opel Astra G մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել էր։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Վերոնիկա Ս․-ն (ծնված 1994 թ․) և Գևորգ Բ․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել էին «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Վերոնիկա Ս․-ն մահացել էր, իսկ Գևորգ Բ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր։

Ավտովթար Արարատի մարզում. մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ

Ադելինա Բ․-ն (ծնված 2020 թ․) հոսպիտալացվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Մահացած կինը փոքրիկի մայրն է։