Սպորտի սիրահար էիր, թե դրանից կիլոմետրերով հեռու, 1980 թվականի ամռանն անկարևոր դարձավ։ Խորհրդային բոլոր ժողովուրդները՝ մեծից փոքր, շունչները պահած հետևում էին Մոսկվայում տեղի ունեցող պատմական իրադարձությանը։ Առաջին անգամ օլիմպիադան անցկացվում էր Արևելյան Եվրոպայում և առաջին անգամ՝ խորհրդային երկրում։ 22-րդ Ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները սկսվեցին դրանց մեկնարից չորս տարի առաջ։
Ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու համար ոչ միայն մեծ գումարներ էին ծախսվում, այլև օգտագործվում էին մարդկային հնարավոր բոլոր ռեսուրսները։ Սա շատ ավելին էր, քան պարզապես սպորտային կարևոր իրադարձություն։ Սա քաղաքականություն էր: «Դեպի նոր հաղթանակներ աշխատանքում և սպորտում», «Համաշխարհային բոլոր ռեկորդները պետք է մերը լինեն». այս և նմանատիպ այլ կարգախոսներով խորհրդային երկրներն անմիջապես անցան իրենց թիմերի մարզումներին։
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը, կամ ինչպես մինչև այսօր ժողովուրդն է այն անվանում՝ սպորտբազան, Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու գլխավոր հենակետն էր ոչ միայն Խորհրդային Հայաստանի, այլև Խորհրդային Միության բոլոր երկրների համար։
Առանց րոպե կորցնելու. սպորտահամալիրը ռեկորդային ժամանակում կառուցվեց
Ծաղկաձորի սպորտային համալիրի կառուցման որոշումը խորհրդային ղեկավարությունն ընդունեց 1966 թվականին՝ Մեխիկոյում կայանալիք Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար։ Վայրը պատահական չէր ընտրվել։ Ծաղկաձորը ծովի մակերևույթից 2000մ բարձրություն ունի, Մեխիկոն՝ 2240 մ, ինչը հնարավորություն էր տալիս մարզիկներին մարզվել գրեթե նույն աշխարհագրական պայմաններում, որում հետո հանդես էին գալու։
Լևոն Խաչատրյանն այդ տարիներին 27 տարեկան էր։ Հասցրել էր ինքնուրույն իրականացնել ճարտարապետական մի շարք նախագծեր, բայց ոչ նման ծավալի։ Այս գործում միավորեցին արդեն իսկ մեծ փորձ ունեցող և երիտասարդ շնորհալի ճարտարապետներին, նախագծողներին։
Ճարտարապետական հիմնական բեռը Նորայր Ալավերդյանի և ԽՍՀմ ժողովրդական ճարտարապետ («Դինամո», «Հրազդան» մարզադաշտերի, հետագայում` նաև Մարզահամերգային համալիրի հեղինակ) Կորյուն Հակոբյանի վրա էր, իսկ նախագծի վրա մի քանի հոգի էին աշխատում։ Կես դար անց ճարտարապետ Լևոն Խաչատրյանն ամենայն մանրամասնությամբ հիշում է համալիրի նախագծման, կառուցման, հետո էլ վերակառուցման աշխատանքների իրականացումը։
«Ոչ մի րոպե ժամանակ չկար` բառիս բուն իմաստով»,- պատմության հենց սկզբում ասում է Խաչատրյանը։
Առջևում ընդամենը երկու տարի էր, իսկ այդ ընթացքում պետք է ավարտին հասցվեին նախագծման և շինարարության աշխատանքները, դեռ մարզիկներն էլ մարզվելու ու օլիմպիադային պատրաստվելու ժամանակ ունենային։
Հայկական ծամոնը, Յուրի Վարդանյանի անսովոր պատասխանը և ամենասև օրը. հուշեր Օլիմպիադա 80–ից
Աշխատանքը բաժանված էր` լողավազան, ռեստորան, թեթև ատլետների նետումների դաշտ, ձիավազքի դաշտ և այլն՝ յուրաքանչյուր կառուցվող օբյեկտ աշխատանքային իր խումբն ու ղեկավարն ուներ, բայց բոլոր աշխատանքների վերևում Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանն էր։ Չէ՞ որ սա միութենական կարևորության շինարարություն էր։
Առանց ավելորդությունների. միայն այն, ինչ պետք է
Սպորտային համալիրի կառուցման համար առանձնացվեց 64 հա տարածք։ Այդ տեղում պիոներական երեք ճամբարներ էին կազմակերպվում, փայտե ժամանակավոր կոնստրուկցիաներ կային, որոնք ապամոնտաժելը ո՛չ դժվար էր, ո՛չ էլ ժամանակատար։ Տարածքն ընդարձակ ու ազատ էր, այնպես որ, աշխատանքներն այդ առումով հարթ էին ընթանում։ Այն հարցում, թե ինչ հարմարություններ են պետք մարզիկներին, ճարտարապետներին խորհուրդներով օգնում էին հենց իրենք՝ մարզիկները։
Խաչատրյանը հիշում է՝ խորհրդատուների թվում էին Հելսինկիի օլիմպիադայի կրկնակի մեդալակիր Հրանտ Շահինյանը, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Իգոր Նովիկովը...
Ժամանակն այնքան սուղ էր, որ անգամ երկրաբանական բոլոր հետազոտությունները չարվեցին։
«Որոշում ընդունվեց, որ պետք է թեթև նյութերով աշխատենք։ Շինարարական նյութերը երկրի տարբեր կողմերից ու արտասահմանից էին բերում»,- պատմում է Խաչատրյանը։
1967թ.-ին համալիրն արդեն պատրաստ էր, մարզիկները սկսեցին մարզվել։ 1968թ.-ի փետրվարին Ֆրանսիայի հարավում գտնվող Գրենոբլ քաղաքում մեկնարկեցին Ձմեռային օլիմպիական խաղերը։ Ֆրանսիա մեկնեցին նաև խորրդային մասնագետները՝ տեսնելու այնտեղի մարզական կառույցներն ու համոզվելու, որ Ծաղկաձորում ամեն ինչ ճիշտ են արել։ Համոզվեցին։ Ամռանն արդեն իսկական արդյունքները տեսնելու ժամանակն էր։ Խորհրդային Միությունը նվաճած մեդալների թվով աշխարհում երկրորդ տեղում էր՝ ընդհանուր 91 մեդալ, որոնցից 29-ը՝ ոսկե։
Ծաղկաձորի սպորտբազայի հեղինակությունը կտրուկ բարձրացավ
Մեխիկոյի Ամառային օլիմպիական խաղերում խորհրդային մարզիկների փայլուն ելույթները միանգամից բարձրացրին Ծաղկաձորի սպորտային համալիրի միութենական հեղինակությունը։ Ավելին, միութենական սպորտը զարգացնելու համար նոր քայլեր էին ձեռնարկվում։ 1968 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ նախարարների խորհրդին կից հիմնվեց Սպորտի և ֆիզիկական դաստիարակության կոմիտեն՝ Սերգեյ Պավլովի ղեկավարությամբ։ Որոշում ընդունվեց վերակառուցել, հզորացնել նաև Ծաղկաձորի սպորտբազան։
«Ես արդեն ավելի մեծ փորձ ունեի և դրա համար վերակառուցման աշխատանքներն ինձ հանձնարարեցին»,- հիշում է Խաչատրյանը։
Աշխատանքները մեկնարկեցին 1973թ.-ին։ Նախագծման սահմանափակումները վերացնելու և ֆունկցիոնալ հարցերը կարգավորելու համար արդեն ժամանակ կար։ Վերակառուցման առաջին նպատակակետերից մեկը դարձավ լողավազանը. այն բացօթյա էր, որտեղ, բնականաբար, ցուրտ եղանակին լողորդները մարզվել չէին կարող։ Կառուցվեց փակ լողավազան։ Հաջորդ կարևոր հատվածներից մեկը ռեստորանն էր։
Ով դառնա չեմպիոն, ով քշի Վոլգան. օլիմպիական հերոսը, նրա երիտասարդ կինն ու Տաշքենդի հայը
Այն պետք է միաժամանակ 600 հոգու սպասարկեր օրական չորս անգամ, ինչպես Խաչատրյանն է ասում՝ «ըստ պահանջի սննդակարգով»։ Խոհանոցը նման մեծ ծավալի կերակուրների սպասարկման, մատուցման համար հարմարեցված չէր, ուստի վերակառուցման ընթացքում հարմարեցվեց։
«5 աստղանի ռեստորան դարձավ»,- հպարտությամբ ասում է ճարտարապետը։
Շարունակվեցին նաև մյուս օբյեկտների վերակառուցման, վերազինման աշխատանքները։ Վերակառուցման փուլում ևս կատարվող աշխատանքների պատվիրատուն թեպետ ԽՍՀՄ սպորտկոմիտեն էր, բայց ամեն ինչին աչալուրջ հետևում էր Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։
Միության «էլիտար» մարզաբազան Մոսկովյան օլիմպիադայից առաջ
Մոսկովյան Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար ամբողջ խորհրդային ճամբարի մարզիկների ուշադրությունը դեպի Ծաղկաձորն էր։ Այստեղ կային բոլոր պայմանները տարբեր սպորտաձևերի մարզումների համար։
Խաչատրյանը հերթով թվարկում է՝ ութ դահլիճ, թեթև ատլետիկայի փակ մանեժ, փակ լողավազան, հարևանությամբ կրկին դահլիճ, բանջարեղենի պահեստ, ռեստորան, ակումբ և շատ ավելին։
Իսկ աշխարհագրական բարձր դիրքը բազմապատկում էր մարզահամալիրի առավելությունները։ Մոսկվան, որտեղ անցկացվելու էր մրցումների մեծ մասը, ծովի մակերևույթից ընդամենը 156 մետր բարձրություն ունի։
Այսպիսով՝ ծաղկաձորյան բարձր լեռնային պարապմունքները պիտի օգնեին Մոսկվայում ավելի բարձր արդյունքներ ցույց տալ։ Մասնագետների խոսքով՝ այս բարձրության վրա պարապմունքներն ավելի դժվար են ընթանում, փոխարենը` ավելի ցածր գոտիներում արդյունքները լինում են բարձր:
Օլիմպիադայից առաջ Ծաղկաձորի ավանային խորհրդի նախագահ նշանակեցին Արտաշես Խաչատրյանին։ Ակտիվ կոմսոմոլ էր, աչքի ընկնող ու պարտաճանաչ։ Քանի որ առջևում Օլիմպիական խաղերն էին, հետևաբար, պատասխանատվությունը չափազանց մեծ էր։ Ծաղկաձորը հյուրընկալում էր խորհրդային երկրների լավագույն մարզիկներին։ Խաչատրյանը հիշում է՝ մարզահամալիրի դարպասից ճանճն անգամ ներս չէր մտնի, եթե դրա թույլտվությունը չուներ։ Ոչ մի բան չպետք է մարզիկների պարապմունքներին խոչընդոտեր։ Բոլոր աշխատակիցները, որոնք շփվում էին մարզիկների հետ, պարտադիր բուժզննում էին անցնում։
«Ծաղկաձորի սպորտբազայում մարզվելը հեշտ բան չէր։ Այն համարվում էր Խորհրդային Միության գլխավոր մարզաբազան։ Մոսկվայում էր որոշում կայացվում, թե որ մարզիկը երբ է գալու այդտեղ մարզվելու։ Այնպես չէր, թե ինչ-որ մարզիկ կարող էր մի օր որոշել՝ գալիս է Ծաղկաձոր ու գար. հատուկ գրաֆիկ էր մշակված»,- հիշում է Խաչատրյանը։
Ժամանակակից ընկալմամբ՝ սա էլիտար մարզահամալիր էր։
Միգուցե հենց ծաղկաձորյան մարզահամալիրն էր «մեղավորը», որ մոսկովյան օլիմպիադայում ոսկե մեդալների գրեթե կեսը՝ 80 մեդալ, նվաճեցին ԽՍՀՄ երկրները։
Մոսկովյան օլիմպիադայից հետո ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում ընդունեց այլևս մեծ ծավալի ներդրումներ չանել սպորտային օբյեկտների վրա։ Բայց ճարտարապետ Լևոն Խաչատրյանը գիտեր՝ դեռ կանգ առնելու ժամանակը չէ, վերականգնման աշխատանքները պետք է շարունակվեն։ Սպորտկոմիտեի ղեկավար Պավլովի համաձայնությամբ հատուկ ալբոմ կազմեց, որով կկարողանար հանդիպումներ ունենակ տարբեր կառույցներում՝ ֆինանսական միջոցներ փնտրելով վերակառուցման աշխատանքների համար։ Հաջողվեց։ Արդյունքում կառուցվեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի համար հյուրանոց, նաև այլ օբյեկտներ։
Օլիմպիադայի հերոսները. Յուրի Վարդանյանը, Էդուարդ Ազարյանը և մյուս խորհրդային մեդալակիրները
Սպորտկոմիտեի նոր ղեկավարի՝ Մարատ Գրամովի օրոք, վերակառուցման աշխատանքները շարունակելն ավելի դժվար դարձան։ ֆինանս գտնելը գնալով ավելի ու ավելի դժվար էր դառնում։ Ի վերջո, 1980-ականների վերջին վերակառուցման աշխատանքները դադարեցվեցին, Լևոն Խաչատրյանն էլ մեկնեց Չեռնոբիլի աղետից հետո նոր ավանի կառուցման աշխատանքներին որպես ճարտարապետ մասնակցելու։
Սակայն այսքան տարի անց էլ Ծաղկաձորի մարզաբազայի մասին լսելիս ճարտարապետի ձայնը միանգամից առույգանում է, հետո ափսոսանքով հիշում՝ ցանկանում էր ամբողջ գլխավոր հատակագիծը փոխել, շատ մեծ ծրագրեր ու պատկերացումներ ուներ, որոնք իրականացնել չստացվեց...