Դդմիկը դդմի թփային տեսակն է։ Այս բանջարեղենը դիետիկ սննդակարգի լավ հիմք կարող է լինել։ Դդմիկի 100 գրամն ընդամենը 20 կիլոկալորիա է պարունակում։
Միաժամանակ այն հարուստ է վիտամիններով ու միկրոտարրերով։ Դդմիկի մեջ կան С, А, В1, В2 վիտամիններ, ֆոլաթթու, նաև կալցիում, ֆոսֆոր, կալիում և մագնիում։
Սրանք կարևոր դերակատարություն ունեն սրտի, ուղեղի, մկանների ու լյարդի աշխատանքի համար։
Ազդեցությունը մարսողության վրա
Դդմիկի նուրբ միջուկը շատ լավ է յուրացվում ու չի կարող գրգռել ստամոքսն ու աղիները։ Իսկ դրա սննդային հյուսվածքները լավ կլանում են թունավոր նյութերը, խոլեստերինն ու ջրի ավելցուկը և հանում են դրանք օրգանիզմից։ Դդմիկից պատրաստած ուտեստները նաև ակտիվացնում են մարսողական գործընթացները, լավացնում են ստամոքսի ու աղիների գործառույթները։
Այդ բանջարեղենը խորհուրդ է տրվում ուտել աղեստամոքսային տրակտի հիվանդություններ կամ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։
Ազդեցությունը լյարդի վրա
Դդմիկը կարող է մաքրել լյարդն ու խթանել դրա արագ վերականգնմանը ալկոհոլը, յուղոտ ու կծու սնունդը չարաշահելուց հետո։
Լավացնում է մաշկի ու մազերի վիճակը
Դդմիկը կօգնի ոչ միայն քաշ գցել, այլև բետա-կարոտինի պարունակության շնորհիվ լավացնել մաշկի ու մազերի վիճակը։ Ի դեպ, բետա-կարոտինը նաև հիանալի ազդեցություն ունի տեսողության վրա։
Բացի այդ դրա մեջ եղած վիտամին С-ն կօգնի կոլագեն արտադրել։ Հենց այդ նյութը մաշկն ավելի առաձգական է դարձնում։ Վիտամին А-ն մկաններին տոնուս է տալիս, լավացնում է մաշկի գույնն ու պայքարում ժամանակից շուտ ծերանալու դեմ։
Իսկ օրգանիզմից ավելորդ ջուրը հանելու հատկությունը կօգնի ազատվել այտուցներից ու ցելյուլիտից։
Ինչպես եփել դդմիկը
Այդ մատչելի ու ինչպես համոզվեցինք օգտակար բանջարեղենից կարելի է բլիթներ պատրաստել (դդմիկը պետք է մանրացնել քերոցով, մանանա ավելացնել ու տապակել թավայի մեջ` հնարավորինս քիչ ձեթով)։
Շատ օգտակար է բրոկոլիով, դդմիկով ու հավի կրծքամսով եփած ապուրը։
Բացի այդ, ամռանը կարելի է սնկով, մսով, բրնձով լցոնած դդմիկ պատրաստել ։ Այն 40−50 րոպե եփում ենք ջեռոցում ու պատրաստ է։
Հակացուցումներ կա՞ն
Ընդհանուր առմամբ դդմիկն առանձնապես հակացուցումներ չունի։ Սակայն կալիումի մեծ պարունակության պատճառով լյարդի անբավարարություն ունեցող մարդիկ պետք է զգույշ լինեն։
Գիտնականները գտել են սրտի նոպաներից պաշտպանվելու ձևերը
Բացի այդ, հում դդմիկը հակացուցված է ստամոքսի խոցի ու գաստրիտի ժամանակ, քանի որ հում վիճակում այն գրգռում է լորձաթաղանթը։
Թեև դդմիկը հիպոալերգեն է համարվում, երբեմն այն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Ընդ որում, եթե մեծահասակների մոտ այն ուտելուց անմիջապես հետո չի արտահայտվում, երեխաների մոտ կարող է անհապաղ արտահայտվել։