Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ, եթե 10%-անոց գնաճ ունենայինք. ԿԲ նախագահ

Մարտին Գալստյանը վստահեցնում է, որ գնաճի զսպումը մնում է Կենտրոնական բանկի քաղաքականության կարևոր նպատակներից մեկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները, ասաց, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ամենածանր ամիսը եղել է ապրիլը:

Կորոնավիրուսը հայաստանյան բանկերին չի վնասել, բայց բանկերի աշխատողներից շատերը վարակվել են

Մայիսին, երբ կառավարությունը վերացրեց տնտեսական գործունեության որոշ տեսակները, տնտեսական իրավիճակում որոշակի դրական փոփոխություններ նկատվեցին, որոնք ավելի ամրապնդվեցին արդեն հունիսին:

«Սպասենք, տեսնենք` հետագա թվերն ինչ կլինեն»,- ասաց Գալստյանը՝ խոստանալով հաջորդ ասուլիսի ընթացքում նաև տարվա տնտեսական նոր կանխատեսումներ ներկայացնել:

Իսկ առայժմ ԿԲ-ի կանխատեսումը մնում է նույնը, ինչ հունիսի վերջին էր: Այսինքն` տարվա համար 4% անկում է նախատեսվում:

Ասուլիսին ներկա ՀՀ ԿԲ Դրամավարկային վարչության պետ Արմեն Նուբեկյանն էլ հավելեց, որ ներկա պահին ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բոլոր զարգացող երկրներում միջազգայնորեն գնահատվող ռիսկերը շատ ավելի ցածր են, քան համավարակի նախնական փուլում էին:

Ինչ վերաբերում է տարվա համար կանխատեսված գնաճի ցուցանիշին, ԿԲ նախագահը վստահեցրեց, որ ԿԲ դրամավարկային քաղաքականությունն ուղղված է հնարավորինս ցածր գնաճ ունենալուն:

Արտաքին գնաճային ճնշումներ ՀՀ տնտեսության վրա չեն եղել. ԿԲ նախագահի նոր ցուցանիշները

«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այս բոլոր արհավիրքների հետ, որոնցով անցնում ենք, մի հատ էլ ունենայինք 10%-անոց գնաճ, որը եթե ավելի վիզուալ ներկայացնեմ, կնշանակեր ապրանքների գների 20-30% թանկացում»,- ասաց Գալստյանը:

Տարեվերջին, ԿԲ կանխատեսումներով, գնաճը Հայաստանում կլինի 1.7-2%-ի շրջանակներում: Նշենք, որ այս կանխատեսումը մոտ է Կենտրոնական բանկի 12-ամսյա գնաճի թիրախային ցուցանիշի ստորին շեմին, ԿԲ-ի կանխատեսմամբ` ՀՀ տնտեսության նորմալ զարգացման համար գնաճն այս տարի չպիտի գերազանցի 4%+- 1.5%-ը: Այլ կերպ ասած՝ պետք է լինի 2.5%-5.5%-ի սահմաններում:

Հիշեցնենք` պաշտոնական վիճակագրության համաձայն` 2020թ-ի առաջին 6 ամիսներին Հայաստանում գրանցված գնաճը 0.6% է կազմել:

ՀՀ տնտեսությունը շուրջ 5%–ով անկում է ապրել. մի փոքր օգնել են պղնձի և ոսկու «պարերը»