Յարխուշտա`զինկոմիսարիատի բակում. պարում են նաև նորակոչիկները. հուզիչ տեսանյութ

Տղաներին ընկերները երգ ու պարով են ճանապարհում հայոց բանակ` խոստանալով, որ այդպես էլ դիմավորելու են։
Sputnik

Արմավիրի զինկոմիսարիատում նորակոչիկներին պարով են ճանապարհում։ Այսօր Այգեշատ համայնքից բանակ զորակոչվող 2 տղաներին ճանապարհելու էին եկել ոչ միայն հարազատները, այլ նաև ընկերները, որոնց մեջ էին «Սուրմալու» ազգագրական երգի-պարի համույթի տղաները։ Հենց նրանք որոշեցին ընկերներին ուրախ սրտով ճանապարհել հայոց հաղթանակած բանակ, որ նույն ուրախությամբ էլ դիմավորեն։

«2 տարի էս օրվա համար ենք պատրաստվել». զորացրվել են, բայց տուն չեն գնում. տեսանյութ

Զինկոմիսարիատի բակում տղաները  ռազմական Յարխուշտա պարը պարեցին, իսկ նրանց հետ նաև` բանակ մեկնողներից մեկը`Արման Համբարձումյանը։

Տեսանյութն իր Facebook–ի էջում տեղադրել է Հրայր Սուրմալեցի (Հրայր Ղազարյան) օգտատերը, որը նաև «Սուրմալու» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավարն է։ «Այ, հենց էս ոգով են ճանապարհում Հայոց բանակ»,–տեսանյութին կից գրել է նա` տղաներին բարի ծառայություն մաղթելով։ Կարճ ժամանակում այն բազմաթիվ դիտումների է արժանացել, բոլորը նորակոչիկներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ են մաղթել։

Հիշեցնենք, որ հուլիսի 1–ից Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը։ Ո՛չ կորոնավիրուսը, ո՛չ սահմանին ստեղծված իրավիճակը զորակոչի և զորացրման ժամկետների մեջ փոփոխություն չեն մտցրել։