ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայատանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 10 դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 87 (տղամարդ), 86 (տղամարդ), 81 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–աված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրը չի արձանագրվել է մահվան այնպիսի դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է:
Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 469 նոր դեպք։ Վարակվածներից առողջացել են 478–ը, կատարվել է 1981 թեստավորում։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։
Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։