Տնտեսական աճի տեմպը կորսված է. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ

ՊԵԿ տվյալներով՝ 2020 թվականին հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի շատ աշխատատեղեր կան, ընդ որում՝ ավելի բարձր աշխատավարձային ֆոնդով։
Sputnik

Տնտեսական աճի այն տեմպը, որը կար 2019 թվականին և այս տարվա առաջին եռամսյակում, կորսված է։ Կառավարությունում գործարարների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպման գլխավոր նպատակը մեկն էր՝ համատեղ ուժերով քննարկել, թե ինչպես է երկիրը դուրս գալու համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամից։

«Կորոնավիրուսի համավարակի առաջին օրերից մեզ համար դժվար ամենօրյա ընտրություն է եղել. կշեռքի մի նժարին եղել է առողջապահական առաջնահերթությունը, մյուս նժարին՝ տնտեսական առաջնահերթությունը։ Եվ այն փաստը, որ ապրիլին մենք շուրջ յոթանասուն հազար կրճատված աշխատատեղ ունեցանք, մեզ համար ազդակ էր, որ առողջապահական և տնտեսական նժարների միջև քաղաքականությունը պետք է որոշակիորեն ավելի հավասարակշռված լինի»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական որոշակի գործունեությունների նկատմամբ սահմանափակումների վերացման որոշումը կայացնելիս կառավարությունը միգուցե համաճարակային իրավիճակի հետ համեմատ ոչ լիարժեք տրամաբանությամբ է առաջնորդվել։ Բայց դրա շնորհիվ արդեն մայիսին կրճատված աշխատատեղերի մեծ մասի վերականգնում է արձանագրվել։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում շատ փոքր դրական շարժ ունենք. Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ տվյալներով՝ 2020 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի շատ աշխատատեղեր կան, ընդ որում՝ ավելի բարձր աշխատավարձային ֆոնդով։

Վարչապետը նշում է՝ վիճակագրությունը դեռ վերլուծելու կարիք կա, որովհետև այս տվյալների հիմքում կարող է նաև ստվերային աշխատանքի կրճատման քաղաքականությունը լինել։

Վարչապետը շեշտում է՝ տնտեսության վերականգնման օրակարգին լիարժեք անցնելու համար անհրաժեշտ է համաճարակային իրավիճակն ամբողջովին վերահսկողության տակ վերցնել։

Ի՞նչն է ավելի կարևոր՝ մարդկային կյա՞նքը, թե՞ տնտեսության զարգացումը

Նա ուրախությամբ է արձանագրում, որ առողջապահական համակարգի վրա եղած ծանրաբեռնվածությունը թուլանում է, կարծես թե մեր երկիրն առողջապահական իմաստով ճգնաժամի հաղթահարման փուլ է մտնում։ Վարչապետն ընդգծում է՝ իրավիճակը կպահպանվի, եթե հակահամաճարակային կանոններն էլ բնակչության կողմից պահպանվեն։

«Տնտեսությունը, ձևավորվող ավելացված արժեքը և պետական բյուջեի եկամուտներն են նաև, որ ապահովում են մեր երկրի անվտանգային կանոնները, որ եղել է, կա և կմնա առաջնահերթություն»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ հիմա նաև խնդիր կա կառուցելու որակապես նոր մակարդակի և նոր կարգի տնտեսություն։

Նա հիշեցրեց կառավարության ծրագրում արձանագրված առաջնահերթությունը, ըստ որի` Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական տնտեսությամբ երկիր, որը նաև միտված կլինի արտահանմանը։

Այս նպատակին հասնելու և իրականություն դարձելու համար վարչապետը կարևորեց գործարարների հետ արդյունավետ համագործակցությունը։

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը