Խաբեց փաստորեն. ինչո՞ւ չստացվեց կոմունիզմը

Եկեք անկեղծ լինենք։​ Այնուամենայնիվ, շատ դժվար է հաստատ պնդել, թե Կարլ Մարքսը սխալվում էր, և կյանքն ինքը ապացուցեց, որ նրա ուսմունքի վրա հիմնված համակարգը, որում տասնամյակներով ապրել ենք, անկենսունակ է։ Մի կողմից թվում է, թե կարող ենք նման եզրակացության հանգել։
Sputnik
Խաբեց փաստորեն. ինչո՞ւ չստացվեց կոմունիզմը

Չկա «Սովետը», որի օրոք կարծես թե սոցիալիզմ էինք կառուցել, նույնիսկ զարգացած սոցիալիզմ էինք կառուցել, ուր որ է հաջորդ փուլին՝ կոմունիզմին պիտի հասնեինք։ Համենայն դեպս, ապագայի մշուշում արդեն ուրվագծվում էր երանելի պատկերը՝ այն ժամանակվա առաջնորդը՝ Նիկիտա Սերգևեիչ Խրուշչովը 60-ականների սկզբին մեզ` դպրոցականներիս խոստացավ՝ դուք ապրելու եք կոմունիզմի օրոք։ Խաբեց փաստորեն։

Ինչո՞ւ հենց հիմա սրեցին իրավիճակը. հակառակորդին թերագնահատել, միֆերին հավատալ չի կարելի

​Այլ երկրներում էլ չհաջողվեց կյանքի կոչել Կարլ Մարքսի գաղափարները։ Հիմա, իհարկե, կարող եք ասել՝ բա Չինաստանը՝ աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող պետությունը կոմունիստական է և լավ էլ զարգանում է` առաջ անցնելով շատերից։

Այո՛, միջին աշխատավարձը Չինաստանում կազմում է մոտ 750 դոլար ամսական։ Մենք կերազեինք։ Բայց կներեք էլի՝ մի՞թե Չինաստանը կարելի է կոմունիստական երկիր համարել միայն այն պատճառով, որ այնտեղ իշխում է Կոմունիստական կուսակցությունը։

Ինչպե՞ս կարող ենք կոմունիստական անվանել մի երկիր, որտեղ կա 100 միլիարդատեր։ Ընդ որում, խոսքը ծպտյալ միլիարդատերերի՝ «Կորեյկոների» մասին չէ. այդ մարդիկ պաշտոնական միլիարդատերեր են։​

Բայց, մյուս կողմից՝ համաձայնեք՝ կասկածը միշտ մնալու է՝ իսկ միգուցե մենք այնուամենայնիվ ինչ-որ բան սխա՞լ ենք արել, սխալ ենք կառուցել կոմունիզմը, դրա համար էլ այն իրականություն չդարձավ։

Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում

Հանուն ճշմարտության փաստենք, որ ավելի քան 150 տարի առաջ գրված Մարքսի հիմնարար աշխատությունը՝ «Կապիտալը», իրականում կոմունիզմ կառուցելու դեղատոմս ու ծրագիր չէր պարունակում։ Դա զուտ գիտական ստեղծագործություն է, որտեղ իրողությունները պատկերված են բավական անկեղծ, առանց թաքցնելու։

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

Վերցրեք, թեկուզ, պետություն հասկացությունը։ Եկեք խոստովանենք՝ մենք պետությունը սուրբ կովի նման մի բան ենք դարձրել։ Պետական շահեր, պետական մտածողություն, պետական մոտեցում։ Սա, անշուշտ, միանգամայն բացատրելի է՝ դարերով պետություն չենք ունեցել։

Փաստն այն է, որ Կարլ Մարքսը, նաև, իհարկե, Ֆրիդրիխ Էնգելսն այդ էմոցիոնալ, սենտիմետալ շղարշը միշտ դեն են նետել և շատ հանգիստ ասել են՝ պետությունը բռնություն կիրառելու և ստիպողաբար պարտադրելու ապարատ է, որը հենվում է զինված մարդկանց հատուկ խմբերի՝ բանակի, ոստիկանության և հատուկ ծառայությունների վրա։ Սա է ընդամենը։ Ու նաև՝ պետությունը բոլոր դեպքերում ծառայում է այն խմբի շահերին, որն իր ձեռքն է վերցրել իշխանությունը։

​Սխա՞լ բան է ասել մարդը։ Ինչպես ուզում եք` կարող եք վերաբերվել Մարքսին, բայց հո չե՞ք կարող ժխտել, որ նա ճիշտ էր։ Բրեժնևի ժամանակ այդպես չէ՞ր։ Եթե որևէ մեկը շարունակի պնդել, որ դա այդպես չէր, կարող եմ հիշեցնել, որ Երևանի հագուստի խանութներն այն ժամանակ լցված էին, կներեք, զիբիլով, իսկ կուսակցական նոմենկլատուրան օգտվում էր հատուկ պահեստներից, որտեղից լավ կարված արտասահմանյան կոստյումներ ու վերարկուներ էր ձեռք բերում։

Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք

Մի պարենային խանութ էլ կար հենց այն շենքում, որտեղ այժմ աշխատում է մեր Ազգային ժողովը։ Ես էլ եմ օգտվել այդ խանութից, չեմ թաքցնի։ Երբեք կուսակցական չեմ եղել, բայց թարգմանչական աշխատանքներ եմ արել ղեկավար մարմնի համար ու պարգևատրվել եմ՝ կտրոններ էին տալիս տոների նախօրեին, որոնցով կարելի էր ձեռք բերել «Մարլբորո սիգարետ»՝ էջան գնով. դրսում՝ սպեկուլյանտների մոտ, շատ թանկ էր։ Զեյթուն էին տալիս, բաստուրմա, նույնիսկ կարմիր ու սև խավիար։ Ջահելները հիմա հաստատ լսում ու ծիծաղում են։

​Գիտեմ, թե ինչ են ասելու նրանք, ովքեր մինչև այժմ էլ դրական կարծիքի են Մարքսի գաղափարների հիման վրա կառուցած համակարգի մասին՝ «Իսկ ինչ է՝ հիմա ավելի լա՞վ է»։ Չգիտեմ՝ միգուցե կարող էր ավելի լավ լինել։

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»