ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը Թուրքիայում է, այնտեղ հանդիպումներ է անցկացնում, Թուրքիան էլ Ադրբեջանին ռազմական աջակցության մասին է հայտարարում, այսօր էլ Թուրքիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռը Բաքու է ժամանել։ Տեղեկությունը Իջևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Զավեշտալի մի բան է ստացվում։ Ադրբեջանը կարծես թե լիովին ինքնաբավ պետություն էր ռազմական առումով, մեծ-մեծ հոխորտացող հռետորաբանությամբ, եթե այս ընթացքում՝ այս մարտերից հետո, հրատապ կարիք կա այդ ինքնաթիռով ինչ-որ բան տեղափոխելու, դա մի քիչ հարցեր է առաջացնում»,- Արծրուն Հովհաննիսյանը։
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Թուրքիան վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, հնարավո՞ր է արդյոք նրանք Տավուշում գործի անցնեն, Հովհաննիսյանը նշեց, որ նման լուրեր չունի, բայց Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին երբեք էլ միայն խոսքով չի եղել։
Հետաքրքիր մի հանգամանք էլ կա՝ Ռուսաստանի հարավային և արևմտյան ռազմական օկրուգներում այսօր զորավարժություններ են սկսվել։ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց՝ ինքն իրավասու չէ տարածաշրջանային այս իրադարձություններն իրար կապել։ Ռուսաստանը մեծ պետություն է՝ հզոր բանակով և հաճախ կարող է նման գործողություններ իրականացնել, ես չեմ կարող դրանք կապել քաղաքական իրադարձությունների հետ։
«Միայն կարող եմ ասել, որ ՀՀ զինված ուժերը ռուսական զորքերի հետ, մասնավորաբար 102-րդ ռազմաբազայի հետ ունեն նաև այդ շրջանակում՝ այս ընթացիկ զորավարժությունների ընթացքում, համատեղ միջոցառումներ, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում։ Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ-ից կներգրավվեն մոտ մեկ գնդի հավասար ուժեր՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՀ ԶՈւ-ն իր առջև դրված բոլոր խնդիրները լիովին կատարում է, ընթացող ռազմական գործողությունների առումով լիովին ինքնաբավ են։
Վնասվածք ստացած և բերման ենթարկված ադրբեջանցիներ․ Լեհաստանում հայերի ցույցը թեժ է անցել
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։