Որոշված է. Քանյե Ուեսթը կառաջադրվի ԱՄՆ նախագահի ընտրություններում

Պատկերավոր ասած՝ Քանյե Ուեսթը հասցրել է հեռացող գնացքի մեջ ցատկել ու հնարավոր վերջին նահանգում գրանցվել է նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Աշխարհահռչակ ռեփեր, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ու գրանցման համար 35 հազար դոլարի չափով վճարում կատարել։ Այս մասին է վկայում ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված №1 ձևանմուշը։ 

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

Ռեփերը փաստաթղթերը ներկայացրել է Օկլահոմա նահանգի ընտրական հանձնաժողով․ նախագահական ընտրությունների համար մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 15-ն էր։ Մնացած նահանգներում Ուեսթը բաց է թողել դեդլայնները։

Ուեսթի լրացրած թեկնածուների գրանցման ձևաթղթից պարզ է դառնում, որ նա ընտրություններին կմասնակցի BDY կուսակցության անունից ՝ «Քանյե 2020» տարբերանշանով։

Հուլիսի սկզբին Ուեսթն ասել էր, որ  մտադիր է ստեղծել իր սեփական կուսակցությունը և այն անվանել «The Birthday Party»։ Երևի հասկանում եք, որ սա բառախաղ է, քանզի «փարթին» անգլերենում նշանակում է թե՛ կուսակցություն, թե՛ երեկույթ։ Ուեսթը կուսակցության «տարօրինակ» անվանումն այսպես է բացատրում.«Եթե մենք հաղթենք, բոլոր ամերիկացիները կզգան, որ դա իրենց ծննդյան օրվա երեկույթի նման մի բան է»։

Թրամփը հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը հեշտությամբ կխլի քվեները Բայդենից

Հուլիսի 5-ին Ուեսթը հայտնել է, որ մտադիր է առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։ Ավելի ուշ New York Magazine-ը, հղում անելով նախընտրական քարոզարշավներ վարելու մասնագետ Սթիվ Քրամերին, հայտնել էր, որ ռեփերը կհրաժարվի ընտրություններին մասնակցելուց։

«Այդ ժամանակ հայերը կդառնան թիվ 1 ազգը»․ Քանյեն կատակո՞ւմ է նախագահի թեկնածության հարցում

Անցյալ շաբաթ TMZ պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ուեսթի ընտանիքը մտահոգված է նրա հոգեկան անկայուն վիճակով, որն, իբր, միլիարդատեր երաժշտի մոտ ի հայտ է եկել նրա նախագահական հավակնությունների պատճառով:

Ուեսթն առաջին անգամ չէ, որ հայտարարել է նախագահ դառնալու մտադրության մասին, ավելի վաղ նա ասել էր, որ մտադիր է նախագահի պաշտոնում առաջադրվել 2024 թվականին:

Քանյե Ուեսթը սկսել է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավը. նա արել է առաջին քայլը