ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի- Sputnik. Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևսոյանը հայրենիք–պետության զոհասեղանին դրեցին ամենաթանկը` կյանքը։ Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զոհված 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության ժամանակ Եռաբլուրում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայրենիք և պետություն ունենալը պատասխանատվություն է, որն ընկած է ժողովրդի և հանրության ուսերին։ Այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե մենք այն թողնենք ժողովուրդ-հանրություն հասկացությունների մեջ ցրված, եթե ի վիճակի չլինենք դա բաժանել մեզնից յուրաքանչյուրի մեջ»,–նշեց Փաշինյանն իր ելույթում։
Նրա խոսքով` Տավուշում զոհված 4 զինծառայողները ոչ միայն իրենց կյանքը զոհեցին, այլ նաև իրենց հարազատների, քանի որ վերջիններս ապրելու են այս խեղդող բացակայության հետ։ Փաշինյանն ընդգծեց, որ մեր զոհված զինծառայողները լիարժեք և անմնացորդ կրեցին հայրենիք և պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը։
Վարչապետն ասաց` ճիշտ է, մեր 4 զինծառայողները նահատակվեցին, բայց միթե նրանցից հետո նահատակվեց նաև հայրենիք ունենալու պատասխանատվությունը։
«Ոչ, իհարկե։ Այդ պատասխանատվությունը սպասում է մեզնից յուրաքանչյուրին` նախագահից մինչև հոգևորական, վարչապետից մինչև փոքր գործարար։ Յուրաքանչյուրն իր պատասխանատվությունը պետք է ավելացնի` մեր նահատակների պատասխանատվությունը գետնին չթողնելով։ Հիմա մեր` ապրողներիս պատասխանատվության ժամն է»,– ավելացրեց Փաշինյանը։
Նրա խոսքով` պետք է ամուր կանգնենք այս հողի վրա, այնքան ու այնպես ամուր, ինչպես այս պահին Տավուշի հողին կանգնած են մեր հերոս–եղբայրները։
Փաշինյանը շեշtեց, որ յուրաքանչյուրս մեր զինանշանն ու դրոշը տեսնելիս` պետք է մեզ հարց տանք` իսկ ի՞նչ եմ ես անում, որ հերոսների թիկունքն ամուր լինի, փամփշտակալները լիքը լինեն, և դուխն էլ տեղը լինի։ Նրա խոսքով` հարցի պատասխանը յուրաքանչյուրը պետք է տա ինքն իրեն ու Աստծուն։
Հակառակորդի կրակոցներից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում համայնքից էր։ Նա ամուսնացած էր, ունի 2 որդի։
Նրա հուղարկավորությունը կատարվում է զինվորական կարգով։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը, Սոս Էլբակյանը և Գարուշ Համբարձումյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` նրանք հետմահու պարգևատրվել են։
Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։