«Գարուշ ջան, տղաներդ կմեծանան և կիսատ թողածդ ավարտին կհասցնեն». հրաժեշտ` 31-ամյա մայորին

31-ամյա Գարուշ Համբարձումյանի` Եռաբլուրում հուղարկավորությանը ներկա են ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Տավուշում զոհված մեր 4 զինծառայողները կապրեն, քանի մենք կանք։ Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զոհված 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության ժամանակ Եռաբլուրում ասաց նրա հորեղբայրը` Գրիշա Սարգսյանը։

Մեր 4 զոհերը հայրենիք–պետության զոհասեղանին դրեցին ամենաթանկը. Փաշինյանը Եռաբլուրում է

«Իմ եղբոր որդին շատ նվիրված էր Հայոց բանակին։ Նա ընկավ հերոսի մահով։ Գարուշ ջան, դու ֆիզիկապես մեզ հետ չես լինելու։ Փառք Աստծո՝ ունես երկու արու զավակ, որոնք կմեծանան ու պակաս թողած գործդ ավարտին կհասցնեն»,–նշեց զոհված մայորի հորեղբայրը։

Նրա խոսքով` այս երիտասարդներին կորցնելով` չի նշանակում, որ կորցնում ենք ամեն ինչ։ Ընդհակառակը, պետք է ավելի ամուր կանգնենք երկրի պաշտպանության և զարգացման համար։

Գրիշա Սարգսյանը նշեց, որ զոհված զինծառայողներն իրենց կյանքը տվեցին բոլորիս ապագայի համար։

Եռագույնն ու ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու մայոր Գարուշ Համբարձումյանին շնորհված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալը հանձնեցին նրա հորը։

Նշենք, որ թաղման կարգն անցկացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Սպայի հուղարկավորությունը կատարվում է զինվորական կարգով։

Հայաստանը թույլ կտա Ադրբեջանին մարտադաշտից տանել զոհերին ու վիրավորներին, բայց մի պայմանով

Հուղարկավորությանը ներկա են ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հակառակորդի կրակոցներից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում համայնքից էր։ Ամուսնացած էր, ունի 2 որդի։ Գարուշն ընտանիքի հետ ապրում էր Բերդում։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով

Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Իրերն իրենց անունով կոչենք՝ ոչ այնքան դիվերսիա, որքան դասական մարտավարական հարձակում

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը, Սոս Էլբակյանը և Գարուշ Համբարձումյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` նրանք հետմահու պարգևատրվել են։

Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։