Վարորդները չեն վախենում կորոնավիրուսից․ նրանց ավելի շատ անհանգստացնում է եկամուտի պակասը

Երթուղայինների վարորդներին ավելի շատ անհանգստացնում է եկամտի բացակայությունը, քան կորոնավիրուսով վարակվելու վտանգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսի համավարակը ուժգին հարված է հասցրել Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքներին, անգամ վերագործարկումից մեկուկես ամիս անց ուղևորների մեծ մասը չի շտապում օգտվել դրանից։

Կորոնավիրուսը խանգարել է մարզային տրանսպորտի կարգավորմանը

Արդյո՞ք կան վարակված վարորդներ

Հաշվի առնելով համաճարակաբանական բարդ իրավիճակը, Sputnik Արմենիան դիմեց Երևանի քաղաքապետարան՝ հանրային տրանսպորտի՝ կորոնավիրուսի դրական ախտորոշում ունեցող վարորդների թվի մասին տեղեկություն ստանալու համար։ Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշեց, որ նրանց մասին հստակ տվյալներ չունեն։ Մենք նաև խնդրեցինք ներկայացնել դիմակ չդնելու և ուղևորների թիվը գերազանցելու համար (եթե այդպիսիք կան) վարորդներին տուգանելու վիճակագրությունը։

Այս հարցերին լիարժեք պատասխանելու համար Կարապետյանը խնդրեց գրավոր հարցում ուղարկել։ Հարցմանը բավականին արագ արձագանքեցին, բայց մեզ հետաքրքրող տվյալները քաղաքապետարանի պատասխանում չկային։

«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատող վարակված վարորդների հաշվառումն իրականացնում է «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում։

ՊՈԱԿ-ի կառավարման լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ Առողջապահության նախարարությունը։ ԱՆ-ի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ վարակվածների վիճակագրություն՝ ըստ մասնագետների չեն հավաքագրում (բացի բժիշկներից)։

Եթե ուղևորը չենթարկվի, վարորդը չի շարունակի ընթացքը. տրանսպորտից օգտվելու նոր կանոնները

Նախարարությունից խորհուրդ տվեցին դիմել քաղաքապետարան։ Իմանալով, որ քաղաքապետարանից են իրենց կենտրոն ուղղորդել, նշեցին, որ բուժման ժամանակ բուժառուի մասնագիտությամբ չեն հետաքրքրվում, կարևորն արդյունքն է։

«Եթե մենք հիվանդների վերաբերյալ նման տվյալների կարիք ունենանք, պետք է դիմենք, օրինակ, քաղաքապետարան կամ այլ լիազոր մարմիններ»,-ասաց ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Տրանսպորտում և տաքսիներում ոստիկանությունը պարետի որոշումների խախտման դեպքեր է արձանագրել

Օրինակ՝ ծերանոցների դեպքում վիճակագրությունը տրամադրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Անգամ «շտապօգնության» վարակված աշխատակիցների մասին տվյալները հայտնում է Երևանի «Շտապօգնության» ծառայության (քաղաքապետարանի լիազորության ներքո է) տնօրենը։

Հանրային տրանսպորտը «քաղցած է»

Հայաստանում հանրային տրանսպորտը վերագործարկվեց մայիսի 18-ին։ Առաջին օրը, առաջին փոխքաղաքապետի խոսքով, բեռնվածությունը բավական քիչ էր։

Մենք հարցում ուղարկեցինք քաղաքապետարան՝ պարզելու՝ արդյո՞ք հիմա իրավիճակը փոխվել է։ Մեզ հայտնեցին, որ հոսքը որոշակիորեն ավելացել է, սակայն ծավալների հաշվարկ չի իրականացվում։

Sputnik Արմենիան կապ հաստատեց տրանսպորտային ընկերություններից մեկի ներկայացուցչի հետ։ Անանուն մնալու պայմանով նա ասաց, որ ուղևորների օրական թիվը շարունակում է շատ ցածր մնալ։

«Եթե համեմատենք նախակարանտինային շրջանի հետ, ապա հիմա տրանսպորտից օգտվում է մարդկանց մոտ 30%-ը։ Վարորդները երբեմն չեն կարողանում փոխհատուցել անգամ վառելիքի գինը»,-նշեց մեր զրուցակիցը։

Եվս մեկ «գծատեր» հրաժարվեց աշխատել. թիվ 48 միկրոավտոբուսներն օգոստոսից գիծ դուրս չեն գա

Երթուղային գծերի տերերը, նրա խոսքով, երբեմն վարորդներից գումար չեն գանձում, սակայն անգամ այս դեպքում երբեմն գումարը մեքենաների սպասարկման համար չի հերիքում։

Հարցին, թե արդյո՞ք դրական ախտորոշմամբ վարորդներ ունեն, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց։

Երթուղայինների վարորդները նույնպես բողոքում են ուղևորների քանակից և կանգնած ուղևորափոխադրման արգելքից։ Նրանցից շատերին ամենաշատն անհանգստացնում է եկամուտի պակասը, քան կորոնավիրուսն ու դրա տարածումը։

Հանրային տրանսպորտը սկսել է գործել. ուղևորների մուտքը` միայն դիմակով

«Մեզ համար իրավիճակը ծայրահեղ բարդ է։ Կորոնավիրուսի և դրա հետ կապված ռիսկերի պատճառով ուղևորահոսքը մի քանի անգամ կրճատվել է։ Մեր դրությունն է՛լ ավելի է վատացնում կանգնած ուղևորներ տեղափոխելու արգելքը։ Շատ հաճախ վնասով ենք քշում։ Գոնե ինչ-որ կոպեկներ տուն տանելու համար վարորդները երբեմն ռիսկի են դիմում և կանգնած ուղևորներ փոխադրում։ Բայց մյուս կողմից՝ տուգանվելու վտանգ կա։ Անձամբ ինձ վերջին մի քանի օրում երկու անգամ տուգանել են»,- պատմեց ավտոբուսի գծերից մեկի վարորդը՝ դարձյալ անանուն մնալու պայմանով։

Նրա խոսքով՝ գծատերերը հաճախ իսկապես ընդառաջում են վարորդներին և «պլանային» գումարները չեն գանձում, բայց իրավիճակը դրանից չի փոխվում։

Ավելի վաղ գրել էինք, որ համավարակի ժամանակ վարորդները չեն կարողանում կատարել իրենց վրա դրված «պլանը»։

Համաճարակաբանական անվտանգություն

Քաղաքապետարանից հայտնեցին, որ տրանսպորտային միջոցները (ավտոբուսներ, տրոլեյբուսներ, մետրո) ամեն օր ախտահանվում են քաղաքային բյուջեի հաշվին, «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից։

Գծատերերը կաշխատեն առանց շահույթի՞. տրանսպորտի օրվա պլանի հարցը մնացել է անփոփոխ

Ինչ վերաբերում է անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությանը, խախտումների արձանագրմանն ու դրանց հաշվառմանը, ապա դրանով զբաղվում են տեսչական մարմիններն ու ոստիկանությունը։

Sputnik Արմենիան հարցում ուղարկեց նաև ոստիկանություն՝ պարզելու, թե հանրային տրանսպորտի ոլորտում քանի խախտում է արձանագրվել։ Այս պահին հարցման պատասխանը դեռ չենք ստացել։ Ստանալուց հետո այն կհրապարակենք։