«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

Եկեք անկեղծ լինենք։ Բոլորը գիտեն, որ ժամանակին համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի դեմ մահափորձ է կատարվել, բայց ոչ բոլորը գիտեն, որ այդ մարդու մահից հետո էլ ահաբեկիչները նրան հանգիստ չեն թողել։
Sputnik
«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

Վերջին դեպքը տեղի է ունեցել 1973 թվականի սեպտեմբերի 1-ին։ Հիմա աշնան առաջին օրը երեխաներն ուր են գնում՝ դպրոց։ Իսկ այն ժամանակ` Սովետի օրոք,  Մոսկվայի դպրոցներում սովորող երեխաներին ոչ միայն դպրոց էին տանում, այլ նաև Լենինի դամբարան։ Էդպիսի ավանդույթ կար։

Երբ դպրոցներից մեկի աշակերտներն այդ օրը մտնում էին դամբարան, նրանց հետևից ներս մտավ նաև մի տղամարդ։ Բոլորը կարծեցին, թե ուսուցիչն է, այնինչ այդ մարդը բոլորովին այլ մտադրություն ուներ. նա հագուստի տակ պահել էր պայթուցիկ սարքը։ Երբ մոտեցավ սարկոֆագին, որտեղ գտնվում էր Լենինի մարմինը, իրար միացրեց երկու լարերը ու պայթյուն որոտաց։ Ինքը կտոր-կտոր եղավ, զոհվեց։ Նրա հետեւից քայլող զույգը, որը Աստրախան քաղաքից էր եկել, երեխաներից չորսը ծանր վնասվածքներ ստացան։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

​Իսկ Լենինի մարմինը չտուժեց։ Որովհետև սարկոֆագը պատված էր զրահապատ ապակիով։ Ինչու էր զրահապատ։ Որովհետև նման դեպք նախկինում էլի էր եղել։ Մոտ հիսունհինգ տարի առաջ՝ էլի սեպտեմբերի սկզբին, Լիտվայի Կաունաս քաղաքի բնակիչ ոմն Կրիսանովը էլի պայթուցիկ սարք էր գործի դրել դամբարանի ներսում, պայթյունն ավելի թույլ էր, բայց ինքը նույնպես զոհվել էր։

​Սակայն դա էլ բոլորովին առաջին դեպքը չէր։ Տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ փորձել են վնասել Լենինի մարմինը։ 1934 թվականին մի տղամարդ իր հետ զենք էր բերել և փորձել կրակել Լենինի դիակի վրա։ Նրան շրջապատող մարդիկ խոչընդոտել են, ի վերջո նա ինքնասպան է եղել։ Գոնե այս դեպքում շարժառիթը հայտնի է՝ մարդը հուսահատ քայլի էր դիմել։ Քաջ գիտակցում էր, որ ողջ չի մնալու և գրություն էր թողել` պատմելով, որ աշխատում է հեռավոր մի սովխոզում, որտեղ աղաղակող անօրինականություններ են տեղի ունենում։ Ինքը բազմիցս այդ մասին ահազանգել է, նամակներ է գրել Կրեմլ, բայց արձագանք չի ստացել և ի վերջո որոշել է գոնե նման ձևով գրավել խորհրդային իշխանության ուշադրությունը։ Ասում են` նրա այդ գրությունը հայտնվել է Իոսիֆ Ստալինի սեղանին, առաջնորդը կարդացել է և կարգադրել այն հանձնել արխիվ։ Ու վերջ։ Այսինքն` այդ մարդու հուսահատ քայլն էլ որևէ արդյունք չի տվել։

​Իսկ Լենինի մարմնի նկատմամբ ոտնձգությունները շարունակվեցին նաև Ստալինի մահվանից հետո։ 1959 թվականին մի մարդ մուրճ էր իր հետ բերել ու հարվածել սարկոֆագին։ Ապակին բավական պինդ էր, միայն ճաքեց։ Մեկ տարի անց՝ 1960-ին, մի տղամարդ  անսպասելիորեն թռավ սարկոֆագի վրա, ոտքով հարվածեց. այս անգամ ապակին ջարդվեց, Լենինի դեմքը վնասվեց։ Ժամանակավորապես փակեցին դամբարանը։

Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում

​Բայց խնդիրը մնում է։ Ռուսաստանի իշխանությունները, ինչպես ժողովուրդն է ասում, կրակն են ընկել՝ չեն կարողանում վերջնականապես կողմնորոշվել դամբարանի հարցում։ Հասարակությունում տիրող տրամադրություններն էլ տարբեր են։ Երեք տարի առաջ անցկացրած հարցումների համաձայն՝ կարծիքները բաժանվել են երեք՝ գրեթե հավասար մասերի՝ 31 տոկոսը կողմ է, որ ոչինչ չփոխվի, ու Լենինի մարմինը մնա դամբարանում, 32 տոկոսը գտնում է, որ առաջնորդին պետք է թաղել Կրեմլի պատի մոտ, 29 տոկոսն էլ համաձայն է, որ նրա աճյունն ամփոփվի Սանկտ Պետերբուրգի գերեզմանատներից մեկում։ Ի դեպ, ըստ BBC-ի, այժմ ողջ աշխարհում կա Լենինի 3260 արձան, գերակշիռ մասը՝ 2800-ը, իհարկե, Ռուսաստանի տարբեր բնակավայրերում է։ Բայց ըստ նույն աղբյուրի` Հայաստանում էլ մնացել է Լենինի 4 արձան, Վրաստանում դրանք երկուսն են։ Երկու արձան էլ Նորվեգիայում կա ։ Մեկն էլ՝ Ճապոնիայում։

Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին

​Կազանում գործում է նաև գիշերային ակումբ, որը կոչվում է Լենին։ Դրա տերը բացատրել է՝ ոչ մի գաղափարական ենթատեքստ չկա, ուղղակի Լենինը հայտնի անուն է, ինչպես հիմա են ասում՝ բրենդ։ Մի անգամ մի տարեց, թոշակառու կին էր եկել, ուզում էր մտնել, անվտանգության աշխատակիցներն ասել էին. «Մայրիկ, ախր դու ինչ գործ ունես, սա գիշերային ակումբ է»։ Խեղճ կինն էլ խոստովանել էր. «Ես էլ կարծում էի, թե Լենինի երկրպագուների ակումբն է»։