Կայուն, բայց ծանր. Թորոսյանը խոսեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից

Աշնանն աշխարհում կորոնավիրուսի նոր՝ ավելի հուժկու ալիք է սպասվում: ՀՀ առողջապահության նախարարը հայտնեց, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում դրան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ արդեն մի քանի օր է` հոսպիտալացման իր հերթին սպասող ՀՀ քաղաքացի չկա: 

«Նաև շատ փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ: Նրանց թիվն առավոտյան 13 էր և օրվա ընթացքում տատանվում է այդ թվի շուրջ: Այս թվերը նշանակում են, որ բուժօգնության կարիք ունեցողներին այդ օգնությունը մատուցվում է, համակարգի ծանրաբեռնվածությունը մնում է լարված այնքանով, որ այս նոր մարտահրավերը դեռ նոր ռիսկ է պարունակում բոլորիս համար, և մենք պետք է շարունակենք բոլոր հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը: Նոր ծավալումներ դեռ լինելու են մոտակա շաբաթներին ու ամիսներին: Բայց արձանագրենք, որ վիճակը մնում է կայուն, բայց ծանր»,- ասաց Թորոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ վաղը վիճակը նույնքան կայուն կլինի ու նեգատիվ զարգացումներ տեղի չեն ունենա:

Փաշինյանը շեշտեց, որ արդեն բացված նոր բուժհիմնարկներին առաջիկայում կավելանան կորոնավիրուսային նոր բաժանմունքներ «Էրեբունի», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներում:

ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու «մատերիալ» չէ. Փաշինյան

Արսեն Թորոսյանը հավելեց, որ «Էրեբունի» ԲԿ-ի նոր բաժանմունքը գրեթե պատրաստ է ու կբացվի արդեն հաջորդ շաբաթ, իսկ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լայնածավալ շինարարություն է մեկնարկել, որը կավարտվի մոտավորապես աշնան սկզբին:

Նրա խոսքով` աշնանն աշխարհում կորոնավիրուսի նոր՝ ավելի հուժկու ալիք է սպասվում, և նոր հիվանդանոցը պատրաստ կլինի հենց այդ նոր ալիքին ընդառաջ։

ՀՀ–ում Covid-19-ից մահվան ևս 14 դեպք է եղել. կանանցից մեկն այլ հիվանդություն չի ունեցել

Հիշեցնենք` հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000-ն առողջացած, 535-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 641 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 12 9166 թեստավորում:

Վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 526 նոր դեպք և 573 առողջացած։

526 նոր դեպք` մեկ օրում. ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 30 000–ի սահմանը