«Ինձ քար է պետք»․ հայ խոհարարուհին եթերում տոլմա պատրաստելով զարմացրել է ամերիկացիներին

Լուիզա Շարամատյանը մասնակցում է «Ամերիկայի վատագույն խոհարար» շոուին։ Նա հույս ունի, որ իր շնորհիվ ծրագրի հեռուստադիտողը կհետաքրքրվի հայկական խոհանոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ամերիկացի հանդիսատեսը տարօրինակ շատ բաներ է տեսել հայտնի շոուի շրջանակում, սակայն հայուհի Լուիզա Շարամատյանին հաջողվել է նույնիսկ նրանց զարմացնել։ «Ամերիկայի վատագույն խոհարար» նախագծի շրջանակում Շարամատյանը խնդրել է իր համար քար բերել խոհանոց։ Ասել է՝ քարն անհրաժեշտ է տոլմա եփելու համար։

«Հայկական ավանդույթի համաձայն՝ տոլմա պատրաստելիս քար են օգտագործում։ Սովորաբար տոլման չուգունից կաթսայի մեջ են եփում։ Մայրս տոլմայի վրա կերամիկական ափսե է դնում, իսկ դրա վրա՝ քար, որ տոլման սեղմվի»,- ասել է աղջիկը եթերում։

«Ինձ քար է պետք»․ հայ խոհարարուհին եթերում տոլմա պատրաստելով զարմացրել է ամերիկացիներին

Foodsided պարբերականի հետ զրույցում Շարամատյանը խոստովանել է, որ հայկական խոհանոցի համար տոլման ավելին է, քան պարզապես ուտելիք։

«Հայե՛ր, դուք ձեր տոլմայի մեջ ի՞նչ եք ավելացնում, հոգի՞». ռեստորանային սպորտի ստեղծող

«Խոհանոցը մեր մշակույթի մեջ առանձնահատուկ դերակատարություն ունի։ Այն միավորում է բոլորիս», - ասել է Լուիզան ու հույս հայտնել, որ իր շնորհիվ ծրագրի հանդիսատեսը կհետաքրքրվի հայկական ազգային ուտեստներով։

Տոլմայից բացի նա խորհուրդ է տվել հանդիսատեսին հարիսա եփել, իսկ որպես աղանդեր՝ գաթա սարքել։

Աղջիկն առաջին անգամ չէ, որ մասնակցում է նման շոուի։ Նախորդ տարի նա մասնակցել է «Ամերիկայի վատագույն հացթուխ» շոուին, որի շրջանակում գաթա է թխել։

Լուիզան ասել է, որ շատ բան է սովորում շեֆ-խոհարար ու շոուի հաղորդավար Ալեքս Գուարնաշելիից։

Բարի ավանդույթ. Թբիլիսիում տոլմայի փառատոն է անցկացվել. լուսանկարներ

«Գնա, համտեսիր ուտելիքն ու մի թերագնահատիր աղը։ Ես միշտ կհիշեմ Ալեքսի այս խոհարարական խորհուրդները։ Դրանք անհրաժեշտ են ցանկացած խոհարարի», - ասել է Շարամատյանը։

Լուիզան պարբերականի հետ զրույցում պատմել է, որ մորից ու տատից է սովորել հայկական ուտեստներ պատրաստելը։

Նշենք՝ «Ամերիկայի վատագույն խոհարարը» շոու է, որի շրջանակում նորաթուխ խոհարարները սովորում են խոհարարական գլուխգործոցներ պատրաստել։

Լևոն Օգանեզովը տոլմա եփել է սովորեցրել Մալիշևային ու խորհուրդ է տվել «Արցախ» օղի խմել