Արսեն Թորոսյանի ցուցմունքը կարող է փոխել գործի ընթացքը

Առողջապահության նախարարը դատարանին նոր հանգամանքներ է հայտնել երեխաների վաճառքի գործով անցնող Ռազմիկ Աբրահամյանի ու իր տեղակալի կաշառքի վերաբերյալ։ Նա չի բացառում, որ դրանք կարող են փոխել գործի ընթացքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Նորածինների ապօրինի վաճառքի գործով հայտնի մանկաբարձ- գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառքի գործով դատական նիստին այսօր վկայի կարգավիճակով հրավիրվել էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դա իմ երեխան չէր». նորածինների ապօրինի որդեգրման գործերից մեկով արտաշիրիմում են արել

Դատական նիստն ընթանում էր դռնփակ, բայց նիստից դուրս գալուց հետո նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Կարծում եմ` իմ պատասխաններից նոր հանգամանքներ ի հայտ եկան, դատարանը պետք է որոշի` ինչ անի դրանց հետ»,- ասաց նա:

Թորոսյանի խոսքով` ինքը պատմել է գործին նախորդող որոշ գործընթացների մասին, որոնցից տեղյակ է եղել ու որոնք, իր կարծիքով, հնարավոր է` փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ:

Նա դատարանում ասել է, որ նախարար նշանակվելուց հետո հանդիպել է առողջապահական տարբեր հիմնարկների տնօրենների հետ ու նրանց զգուշացրել, որ մոռանան նախկին բարքերն ու այսուհետ ձեռնպահ մնան ԱՆ պաշտոնյաներին ֆինանսական տարբեր առաջարկներ անելուց:

«Նույնը կատարվել էր նաև Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ ուղղակիորեն իմ մասնակցությամբ, այլ միջնորդավորված»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իր տեղակալին առաջադրված` կաշառք ստանալու մեղադրանքին, Թորոսյանը նշեց, որ ինչպես նախկինում, այսօր ևս դատապարտելի ու անընդունելի է համարում նման գործելաոճը ու վերահաստատում է, որ ԱՆ որևէ աշխատակից, այդ թվում՝ փոխնախարարը ֆինանսական փոխհարաբերությունների մեջ չպիտի մտներ և չպիտի մտնի:

Երեխաներին այսօր էլ են թողնում ծննդատանը. ինչպես կանխել նոր ողբերգությունները

Հիշեցնենք՝ հանրապետության նախկին գլխավոր մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հիշյալ դատական գործով մեղադրվում է ՀՀ առողջապահության փոխնախարար, մոր և մանկան առողջության պահպանման աշխատանքները և առողջապահական համակարգի ֆինանսավորումը կազմակերպող Արսեն Դավթյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար:

7 տարի երեխայի մահն էր սգում, կոնֆետ տանում գերեզմանին. ապօրինի որդեգրման հերթական դեպքը

Դավթյանն էլ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու ու ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Բացի այդ, Աբրահամյանին մեղադրանք է առաջադրված մեկ այլ քրեական գործով: Նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի` «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին և Ռազմիկ Աբրահամյանին։ Այս քրեական գործը դատարան դեռ չի ուղարկվել:

Նախաքննությունը շարունակվում է: