Մաքսատուրքի տարբերության վերահաշվարկմամբ 57 մլն դրամ վերադարձվել է տնտեսվարողներին

ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել։ ՊԵԿ–ը սկսել է հետ վճարել այս ընթացքում ներմուծման համար բարձր մաքսատուրք վճարածների գումարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սկսվել է մաքսատուրքի դրույքաչափերի տարբերության վերահաշվարկման գործընթացը, և ավելի քան 57 մլն դրամ արդեն վերադարձվել է տնտեսվարողներին։

Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Հարցն այն է, որ մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ–ում կիրառվում էին ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող, առավել ցածր դրույքաչափեր որոշ ապրանքների համար։ Կայացած բանակցությունների արդյունքում հաջողվել է երկարաձգել Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը, չնայած վերանայել են ապրանքների ցանկը:

Միսը, կարագը, ձեթը ոչ միայն չեն թանկանա, այլև կէժանանան, բայց ոչ ընդմիշտ

«ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը 1 տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել։ Այս տարվա հունվարի 1-ից հունիսի 11-ն ընկած շրջանում, սակայն, այդ ապրանքները ներմուծելիս տնտեսվարողները մաքսատուրքերը վճարել են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող` բարձր դրույքաչափերով։ Սակայն քանի որ հունիսի 12-ից ներմուծման արտոնության մասին ուժի մեջ մտած օրենքն ունի հետադարձ ուժ, ուստի ՊԵԿ–ը սկսել է վճարված մաքսատուրքերի տարբերության վերադարձման գործընթացը»,– նշված է ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ։

Պարենային որոշ ապրանքների և բժշկական պարագաների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են

Վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնեն ՊԵԿ, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձևակերպումները և կկազմակերպի վերադարձման գործընթացը:
Նախնական գնահատականով` վերադարձման ենթակա է, ընդհանուր առմամբ, 2.3 միլիարդ դրամ: