Բերքահավաք Ռուսաստանում․ ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի ցորենի շուկայում

Հայ մատակարարները մեկնաբանել են հացահատիկի ներկրման ու պաշարների հետ կապված` երկրում տիրող իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik․ «Մանանա Գրեյն» ալյուր արտադրող խոշորագույն ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ Հայաստանում պարենային ապրանքների հետ կապված խնդիր չկա, անհրաժեշտ բոլոր պաշարները կան։

Կորոնավիրուսի պատճառով կարող ենք հացի խնդիր ունենալ. կառավարությունը լուծում է փնտրում

Ավելի վաղ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ երկրում պարենային անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Նրա խոսքով՝ այս մասին են վկայում վիճակագրական տվյալները, որոնք ցույց են տալիս տեղական արտադրության ու սպառման իրական պատկերը։ Ավելին, Ավետիսյանի կարծիքով` այս տարի Հայաստանը կարող է հացահատիկ ներմուծելու խնդրին բախվել։ Մի կողմից հացահատկի պահանջարկը միջազգային շուկայում աճել է, մյուս կողմից էլ՝ առաջարկն է պակասել։

Իշխանությունը նույնպես մտահոգված է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող են ցորենի ներմուծման հետ կապված խնդիրներ առաջանալ։ Էկոնոմիկայի նախարարությունը ցորենի արտադրությունը խթանող ծրագիր է մշակել։ Փաստաթղթում նշված է, որ պարենային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ավելացնել տեղական արտադրանքի ծավալները։ Իշխանությունն ուզում է մասամբ սուբսիդավորել «Էլիտա» տեսակի ցորենի գինը Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի ու Կոտայքի մարզերի համար։

Համավարակի պատճառով հացահատիկի ներկրման գործընթացում լուրջ խնդիրներ կլինեն. Ավետիսյան

Սակայն Նիկողոսյանը համամիտ չէ այս տեսակետի հետ։ Նրա խոսքով՝ հիմա անհանգստանալու առիթ չկա։

«Մեր երկրում պարենային անվտանգության խնդիր չկա, այդ թվում` նաև ցորենի ներմուծման հարցում», - ասաց գործարարը։

Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը

Նրա խոսքով՝ առաջացած բոլոր հարցերն անմիջապես լուծվում են։ Ցորենի ներմուծման հետ կապված միակ անհարմարությունն այն է, որ բոլոր հարցերը պետք է հեռախոսով լուծել։ Եթե նախկինում մատակարարները կարող էին հանդիպել արտադրողների հետ ու տեղում լուծել հարցերը, ապա հիմա նրանք ստիպված են հեռակա տարբերակով շփվել։

Մեկնաբանելով ցորենի գնի աճը՝ Նիկողոսյանը նշեց, որ Ռուսաստանում բերքահավաքը նոր է սկսվել, հետևաբար, հացահատիկի արժեքի մասին կարելի է դատել միայն 10-15 օր հետո։ Բայց մինչ այդ էլ նա վստահ է, որ եթե անգամ գնաճ գրանցվի, այն աննշան կլինի։

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ խառնուրդ կերի մատակարարման հետ կապված խնդիրներ չեն լինի։ Բեռնատարները հանգիստ անցնում են Վերին Լարսի անցակետով ու հատում ռուս-վրացական սահմանը։

«Օրական կերով բեռնված 40 բեռնատար է հատում Հայաստանի սահմանը՝ գալով Կրասնոդարից, Ստավրոպոլից։ Ճիշտ է, գինը, կապված համավարակի հետ, մի փոքր աճել է»,-նշեց Ստեփանյանը։

Նա նշել է, որ հացահատիկի գինն աճել է մեկ կիլոգրամի դիմաց 45-50 դրամով։ Ավելին, արտադրողները կանխավճար են պահանջում, վախենալով, որ հաճախորդները կսննկանան համավարակի պատճառով ու չեն կարողանա վճարել պատվերի դիմաց։

Տնտեսական խնդիրներից զատ՝ ունենալու ենք նաև պարենի անվտանգության խնդիր. Արմեն Սարգսյան

Ստեփանյանը նշեց, որ հայաստանյան շուկայում պարադոքսալ իրավիճակ է․ չնայած կերի թանկացմանը, ձուն ու թռչնամիսը խանութում ցածր գներով են վաճառվում` մի փոքր միայն գերազանցելով ինքնարժեքը։ Ստեփանյանը բացատրում է դա բնակչության ցածր գնողունակությամբ։

Նրա խոսքով` Հայաստանի կառավարության խնդրանքով իրենք մթերք են պաշարել։ Երկիրն ապահովված է երկու ամսվա պաշարով։

Նշենք՝ Հայաստանում ընդհանուր առմամբ տարեկան 390-ից 420 հազար տոննա հացահատիկ է սպառվում, դրանից 320-ից 350 տոննան ներմուծվում է։

Օրվա կադր. Երևանում մեկը պաշտպանվում է կորոնավիրուսից, մյուսը հաց է փնտրում...