ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը։ Նրա պաշտպան Հրանտ Անանյանը վստահեցնում է, որ որոշումն անօրինական է:
«10–օրյա քննարկումից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ. Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ միջնորդությունը Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին: Որոշումը որակում եմ որպես ակնհայտ անհիմն և անօրինական, նույնիսկ տեղին է անվանել «խայտառակ», մասնագիտական շրջանակներին «հայտնի» դատավոր Ֆարխոյանը կատարեց իր մշտական առաքելությունը ԱԱԾ-ի հանդեպ, կալանավորեց մարդու երեք տարի 4 ամիս վաղեմության միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեղադրանքով, որի շրջանակներում բոլոր քննչական գործողությունները ըստ էության ավարտվել են, այդ գործողություններին միջամտելու վտանգներ այլևս չկան, հունիսի 14-ից պատշաճ ներկայացել է քննությանը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Փաստաբանի խոսքով` մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա, որը երեկ տեղի ունեցած առերեսման ընթացքում հաստատել է Մանուկյանի պնդումները, ինչը առոչինչ է դարձնում հիմավոր կասկածը:
«Ուշագրավ է, որ Ֆարխոյանը բացարկման ենթակա անձ էր, իրավունք չուներ քննել միջնորդությունը, սույն գործի մայր գործով հարազատ եղբայրը մեղադրյալ է, որը գտնվում է նախաքնության փուլում ԱԱԾ-ի վարույթում, ինչը կաշկանդելու է նրան ԱԱԾ «սրտով չգնալը»: Կան այլ փաստարկներ ևս որոշման անօրինական լինելու համար: Որոշումը պաշտպանական թիմը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան հենց երկուշաբթի օրը»,– ընդգծել է Անանյանը:
Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):
Նա անցնում է այն նույն քրեական գործով, որով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ
Մանուկյանը 2003 թվականի մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2007 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ Այդ պաշտոնից ազատվել է 2010 թվականի նոյեմբերին։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2018 թ․-ից հեռացել է քաղաքականությունից։
Ծառուկյանի՝ բռնաբարության վերաբերյալ գործի նյութերը հրապարակելու փաստով քրգործ է հարուցվել