ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եթե համեղ կաչոտայի ու մոցարելայի, նրբահամ սկամորցիայի ու սուլուգունիի համար դեռ արտասահման եք մեկնում, ապա իզուր եք տանջվում։ Հիմա այդ ամենը հասանելի է Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում։ Այդ քաղաքը պանրի արտադրության կենտրոն դարձնելու գաղափարի հեղինակը ռուսաստանցի բրենդ խոհարար Արթուր Մարտիրոսյանն է։
Նա իր երազանքի ու ծրագրերի մասին խոսել է ՌԻԱ Նովոստիի և стопкоронавирус.рф կայքի «Թռիչքը նորմալ է․ գործարարների պատմություններ» հատուկ նախագծի շրջանակում։
Մարտիրոսյանը ծնվել է Իրկուտսկում: Ավելի քան 15 տարի խոհարարությամբ է զբաղվում․ աշխատել է Իրկուտսկի մի քանի խոշոր ռեստորաններում, միշտ երազել է սեփական գործը բացելու մասին։ Մի քանի տարի առաջ դասընթացներ է անցել, հետո սկսել է ինքնուրույն պանիր պատրաստել։ Իսկ այս տարի սարքավորումներ գնելու համար անհրաժեշտ գումար խնայելով` ԱՁ ու պանրի արտադրություն է բացել։
«Ուզում եմ առաջ մղել տեղական խոհանոցը։ Ռուսաստանում մթերային էմբարգոյից հետո պանրի տեսակներից մի քանիսը վերացել են, իսկ մնացածի որակն էլ չեմ հավանում։ Մենք որոշեցինք սեփական կաչոտա, մոցարելա, սկամորցիա, նաև սուլուգունի ու ոչխարի պանիր արտադրել մեր գյուղացիներից գնած որակյալ կաթով», - ասել է խոհարարը։
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Մարտիրոսյանը որոշել էր պանիր մատակարարել քաղաքի սրճարաններին ու ռեստորաններին։ Մարտին առաջին խմբաքանակն էր արտադրել և համտեսի ուղարկել հնարավոր պատվիրատուներին։
Սակայն ինքնամեկուսացման ռեժիմի պատճառով հանրային սննդի բոլոր կետերը փակվեցին, Մարտիրոսյանն էլ փակեց արտադրամասը, քանի որ չէր կարողանում իրացնել մթերքը։
«Սկզբում խուճապ էր։ 15 տարվա մեջ առաջին անգամ բախվեցի մի իրավիճակի, երբ իմ մասնագիտության տեր մարդիկ ոչ ոքի պետք չեն։ Հետո հանգստացա, սկսեցի մտածել՝ ինչպես դուրս գալ այս վիճակից։ Սկսեցի տարբեր ուտեստների պատրաստման առցանց դասընթացներ անցկացնել, պանիր էի գովազդում։ Օրվա հացի գումար վաստակում էի։ Թեև եկամուտը 80%-ով ընկել էր», - ասել է Մարտիրոսյանը։
Արթուրն անգործ չի մնացել, աշխատանքի է անցել մի սրճարանում, որտեղ առաքման ծառայություն են գործարկել։
Բայց նաև չի ցանկացել փակել նոր ծնվող բիզնեսը։ Բրենդ խոհարարին փրկել է այն հանգամանքը, որ վարկեր չի ունեցել, իսկ արտադրամասի տարածքն էլ իրեն է եղել։ Արթուրը սովոր է հույսը դնել միայն իր վրա, այդ պատճառով չի էլ մտածել պետական աջակցությունից օգտվելու մասին։
Երեք շաբաթ առաջ Արթուրը վերսկսել է արտադրությունը։ Թեև ռեստորանները դեռ փակ են, բայց նա արդեն պատվերներ ունի։ Արտադրամասում ընդամենը երեք մարդ է աշխատում` ներառյալ բրենդ շեֆը։ Այստեղ սանիտարական կանոնները խստորեն են պահպանում․ չափում են աշխատակիցների ջերմությունը, ախտահանում տարածքը։
Պանրի արտադրությունից բացի` Արթուրը երազում է նաև սեփական սրճարանի մասին` «ճիշտ», առողջ սնունդով, որտեղ մարդիկ կհավաքվեն ընտանիքներով։