Հայկական զորախումբը պատրաստ է Մոսկվայի շքերթին, կամ րոպեում քանի՞ քայլ են անում զինվորները

Մեր զորախումբը պատրաստ է Մոսկվայում կայանալիք զորահանդեսին։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է, թե ինչպես էին Երևանում անցնում հետպատերազմական շքերթները։
Sputnik

Մոսկվա, 1945 թ․, Հաղթանակի առաջին շքերթի նախապատրաստական աշխատանքներ։ Խորհրդային Միության մարշալներ Բաղրամյանը և Վասիլևսկին մոտենում են մի խումբ զինվորների, որոնք հեռացված են շքերթից։

Սարգսյանը չի ամաչում իր տղաների համար․ կտրիճները բարձրագույն վարպետություն են ցուցադրում

-Ինչո՞ւ են ձեզ հեռացրել շքերթից,-հարցնում է Վասիլևսկին զինվորներից մեկին, որի կրծքին Փառքի շքանշաններ են փայլփլում։

-Հասակս չի հերիքում, ընկեր մարշալ։ Երկու սանտիմետր չի հերիքում։

-Ի՞նչ անենք, Իվան Քրիստաֆորիչ,- Վասիլևսկին դիմում է Բաղրամյանին։

-Մի բան կմտածենք,- բեղերի տակից ժպտում է Բաղրամյանը։

Զինվորին առաջարկում են «պիլոտկան» երկու տակ ծալել և դնել սաղավարտի տակ, և նրա հասակը տեղում «երկարում է» անհրաժեշտ երկու սանտիմետրով։

Թաթար հերոս, մոտոհրաձգային գնդի շարքային Սաբիր Ախտյամովի հուշերից.

«Անմիջապես շքերթից առաջ հրամանատար-հայրերից մեկը ինձ է ցույց տալիս։

-Սրան ո՞ւր եք վերցնում։

Պարզվում է` հասակս չի հերիքում։ Հրաման կար 170 սմ-ից ցածր հասակ ունեցողներին չվերցնել։ Իսկ իմը 165 սմ էր։

Ասում եմ․

-Ուրեմն տանկ վառելու համար նորմա՞լ եմ, իսկ շքերթի համար փո՞քր»։

Մեր 75 պատվիրակները՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ծոռները, հասակի խնդիր չունեն․ բոլորը բարձրահասակ են, թիկնեղ, ուժեղ։ Հունիսի 24-ին քսան այլ երկրներից ժամանած զինվորականների հետ նրանք կանցնեն Մոսկվայի Կարմիր հրապարակով։

․․․ Պատերազմից հետո առաջին շքերթները Երևանում սկսեցին անցկացնել 20-րդ դարի 50-ականներին, և այսօր դժվար է հավատալ, որ երկու գլխավոր գեներալները, որոնցից մեկն ընդունում էր շքերթը, իսկ մյուսը ղեկավարում այն, հրապարակում հայտնվեցին ձիերի վրա։

Կարմիր հագած Մոսկվան․ ինչպես են Հաղթանակի շքերթին ընդառաջ զարդարել մայրաքաղաքը

Ձիերը հեքիաթային գեղեցկություն ունեին` ձյունաճերմակ, ճակատներին՝ աստղ, ոսկերիզ թամբերով, որոնցից փափուկ «վրձիններ» էին կախված։ Հանդիսատեսը քարանում էր, երբ լսում էր սմբակների դոփյունը։ Գեղեցկություն, որ համեմատելի չէր լաքապատ «ԶԻԼ»-երի հետ՝ լավ պատրաստված լեյտենանտ-վարորդներով։ Ամեն դեպքում չարաճճի միտքը, թե ոսկե ուսադիրներով հեծյալի տակ ինչպես իրենց կպահեն նժույգները, մեզ՝ շքերթին հետևող փոքրիկ տղաներիս, հանգիստ չէր տալիս։ Վկայում եմ՝ նրանք իրենց ճիշտ էին պահում։ Կարմիր լամպասներով հեծյալները, մի ձեռքը՝ հովարի տակ պատվի առած, մյուսով՝ սանձը սեղմած, համաչափ էին ընթանում։

Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա

Քառանկյուն շարված զորքերը հնչեղ գոչում էին` «ուռա՜», և սկսվում էր շքերթային «քառակուսիների» երթը։ Չգիտես ինչու ընդունված էր համարել, որ բոլորից լավ քայլերթ են ցուցադրում սահմանապահները։ Թերևս կապ ուներ այն հանգամանքը, որ հայերն առանձնահատուկ վերաբերմունք ունեին Թուրքիայի հետ սահմանը հսկող, զինվորական կանաչ գլխարկով մարդկանց հանդեպ, իսկ գուցե նրանք իսկապես մյուսներից ուժեղ էին զինվորական քայլքում։

Հայկական զորախումբը հայոց եռագույնով քայլերթով անցնում է Մոսկվայի փողոցներով. տեսանյութ

Հետևակն անցնում էր, գալիս էին մոտոհրաձգայինները, հրետանին՝ դեպի երկինք ուղղված զենիթային հրանոթներ, լենդլիզյան ծրագրով ստացված «Սթուդեբեքերներ»՝ պոչին կպած հաուբիցներով, անվավոր ականանետներ։

․․․ Իսկ այս ամենին նախորդում էին շքերթի բազմաթիվ փորձերը, որոնք դիտելու համար էլ էին շատ երևանցիներ հավաքվում։ Վիճում էին, թե ում բանակն է ավելի լավ քայլում, և պատերազմի մասնակիցները, որոնք տեսել էին այլ բանակների շքերթները, բացատրում էին` խորհրդային զինվորներից լավ ոչ ոք չի քայլում։

Գնդակահարություն առանց կանոնների. յուրայիններին սպանողի ձեռքը հայ զինվորները չեն սեղմում

Մի քիչ՝ հարցի պատմությունից։ Առաջին անգամ դրոշմված քայլվածքը հաստատել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդը։ Ռուսաստանում ընդունել է Պավել 1-ին կայսրը, և կայսեր ժառանգությունը Ռուսաստանի բանակում այսօր էլ է պահպանվում։ Հայաստանում անկախության հաստատումից և սեփական բանակի ձևավորումից հետո, եթե խոսենք քայլերթային իդեալի մասին, ապա բոլորին առաջնորդում է Պատվո պահակախմբի վաշտը, որը դիմավորում և ուղեկցում է անվանի հյուրերին։ Մոսկվայի այս տարվա Հաղթանակի շքերթի նախապատրաստություններն ընթանում էին շատ հարցերում հենց այդ վաշտի ձևօրինակով, որը 2015 թվականին ճանաչվել էր Կարմիր հրապարակ հրավիրված բոլոր նմանատիպ վաշտերից լավագույնը։ Մեր յոթանասունհինգ երիտասարդները սովորել են ճիշտ նույն կերպ կատարյալ հավասարակշռություն պահպանել, ձգել ոտքը և «շպագատ» իջնել։

Ինչպես է հայկական զորախումբը պատրաստվում Մոսկվայի զորահանդեսին. տեսանյութ

Ինչպե՞ս են այդ կատարյալ քայլքին հասնում այլ երկրներում։ Ամերիկյան հետևակայինները «դրոշմաքայլ» չունեն, քայլում են փափուկ, կարծես գաղտագողի, փոխարենը կարաբիններով այնպիսի հնարքներ են ցուցադրում, որ ավելի լավ դժվար է պատկերացնել։

Ֆրանսիայում, օրինակ, ոչ բոլորն են նույն տեմպով քայլում։ Զորամասերի մեծ մասին համար այնտեղ հաստատված է րոպեում 120 քայլը. դա «Մարսելյեզի» տեմպն է։ Ալպիական հրաձիգները և որսորդները րոպեում 130 քայլ են անում, իսկ Օտարերկրյա լեգեոնը, որը եզրափակում է շքերթները Փարիզի Ելիսեյան դաշտերում, շարժվում է րոպեում 180 քայլ տեմպով։

Շքերթային շարասյան մեջ րոպեում քանի քայլ են անում հայ զինվորները՝ չեմ կարող ասել, բայց չեմ կասկածում, որ նրանք ճիշտ ուղղությամբ են գնում։ Առաջադրանքը մեկն է՝ այս Հաղթանակի օրը Մոսկվայի Կարմիր հրապարակով անցնել բոլորին գերազանցող քայլքով։ Կստացվի՞։ Մի փոքր համբերություն, և կտեսնենք։

Ինչպես էին ԽՍՀՄ ժողովուրդներն անձնվիրաբար պայքարում ֆաշիզմի դեմ. տեսանյութ