«Հայ ֆեստը» գալիս է ձեր տուն․ փառատոնի ներկայացումները բացօթյա կլինեն

Փառատոնի օրերին գերհագեցած կլինի նաև օնլայն հարթակը: Կանցկացվի թատերական համաժողով՝ «Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև» թեմայով, որը կամուրջ կստեղծի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ճանաչված թատերական փառատոների տնօրենների, բեմադրիչների, թատերագետների միջև:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Կորոնավիրուսի համավարակով պայմանավորած`«Հայ ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնը բացօթյա կանցկացվի։  «Լինե´լ․ սա խնդիր չէ» (To BE! That's not a question!)․ սա «Հայ ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնի այս տարվա կարգախոսն է: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս տարի փառատոնը կկայանա հոկտեմբերի 1-8-ը: Նա հույս հայտնեց, որ կորոնավիրուսի հետ կապված լարված իրավիճակը երկրում այդ օրերին մասամբ բարելավված կլինի։

Երևանյան 14 բեմահարթակում 45 ներկայացում կցուցադրվի. «Հայ ֆեստը» կմեկնարկի հոկտեմբերին

Փառատոնն այս տարի թատերասեր հանրությանը կներկայանա նոր ձևաչափով և բազում անակնկալներով։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ փառատոնի բոլոր ներկայացումները կլինեն բացօթյա։ Փակ տարածքներում (indoor) ներկայացումներ տեղի չեն ունենա:

Փառատոնի նախագահը շեշտել է, որ խստորեն կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, գծանշումներ, դիմակ ու անհրաժեշտ այլ միջոցներ…

Այս տարվա «Հայ ֆեստ»-ի գլխավոր ու աննախադեպ անակնկալը կլինի այն, որ փառատոնը կհյուրընկալվի երևանյան տարբեր թաղամասերում․ «Հայ ֆեստ» գալիս է ձեր տուն»։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կհայտնվեն բնակելի շենքերի պատերին...

«Հայ ֆեստն» ընդամենը 15 տարեկան է և ուզում է ավելի մեծանալ

Նման անակնկալներ սպասվում են ոչ միայն երևանյան, այլ նաև մարզային հանդիսատեսին։ «Հայ ֆեստ» կհյուրընկալվի Գյումրիում, Վանաձորում և այլ մարզերում։

Փառատոնի օրերին գերհագեցած կլինի նաև օնլայն հարթակը: Կանցկացվի թատերական համաժողով՝ «Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև» թեմայով, որը կամուրջ կստեղծի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ճանաչված թատերական փառատոների տնօրենների, բեմադրիչների, թատերագետների միջև:

Հավելենք, որ «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
2019թ.-ին Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Սա «լյա-լյա-ֆա» չէ․ ջազի աստղերն անհավանական տոն նվիրեցին հայ հասարակությանը․ լուսանկարներ