Գագիկ Ծառուկյանն այնքան չկա՞, որ ազդի նախաքննության վրա, թե՞ խորհրդարանը խայտառակ եղավ

Խորհրդարանական ուժերն իրենց տեսակետներն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված քաղաքական ու իրավական գործընթացների շուրջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ունի քաղաքական վերահսկողություն:

«Քրեական գործի նյութերը բաժանված են եղել քաղաքական գործիչների, նախարարների, և նրանք դա հրապարակել են, ինչը օրենքի խախտում է»,- ասաց նա:

ԱԱԾ–ն Գագիկ Ծառուկյանի թեմայով դիմել է քաղաքացիներին. տեսանյութ

Ինչ վերաբերում է Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն, Մարուքյանի համոզմամբ, դրա համար բավարար ապացույցներ չկային:

«Եվ ես իմ խոսքի մեջ դատախազին ասել եմ, որ հնարավոր է` խորհրդարանը խայտառակ լինի: Երեկ դա տեղի է ունեցել, այսինքն՝ 87 մարդ հիմա հարցեր ունի իրենց համոզողներին: Բայց դա մեր խնդիրը չէ, մենք մեր համոզմունքն արտահայտել ենք, և դա հաստատվել է դատարանի որոշմամբ»,- ասաց Մարուքյանը:

Ի դեպ, հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունների քվեարկությանը ո՛չ «Լուսավոր Հայաստանը» և ո՛չ էլ «Բարգավաճ Հայաստանը» չեն մասնակցել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Ծառուկյանին չկալանավորելու մասին դատարանի որոշումը ո՛չ իրենց հաղթանակն է, ո՛չ էլ իշխանության պարտությունը: Դատարանի որոշումը, ըստ նրա, ապացուցեց միայն օրենքի գերակայության վերաբերյալ իրենց պատկերացումները:

Օրենսդրությանը հակասող իրավիճակ չկա. դատախազության պատասխանը Ծառուկյանի փաստաբանին

«Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, ապա դատարանը պարտավոր է իրացնել իրեն վերապահված գործառույթները: Իրավական առումով մենք նշել ենք, որ որևէ հիմք չկա Գագիկ Ծառուկյանին կալանավորելու, և դատարանը միայն վերահաստատեց մեր այս տեսակետը»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ շեշտեց, որ խորհրդարանը համաձայնություն տալով Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն` ոչ թե դիրքորոշում է հայտնել, այլ միայն տվել է իր համաձայնությունը:

«Դատախազը ներկայացրել է հիմնավոր կասկած, որ անձը գտնվելով ազատության մեջ կարող է ազդել նախաքննության վրա,– ասաց նա,– խորհրդարանական մեծամասնությունն էլ տվել է իր համաձայնությունը:

Իսկ դատարանի դիրքորոշումը Գաբրիելյանն այսպես մեկնաբանեց. «Կա դատավոր, որն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել նախաքննության վրա»:

Այլ մեկնաբանություն նա չցանկացավ անել՝ հիշեցնելով, որ գործը դեռ քննվելու է Վերաքննիչ դատարանում, ու իրենց արտահայտած տեսակետը կարող է ընկալվել, թե իշխող քաղաքական ուժը ազդեցություն է գործում դատական պրոցեսի վրա:

Դատարանում և ԱԺ-ում ձևակերպված արարքները խիստ տարբերվում են. Ծառուկյանի պաշտպան

Հիշեցնենք` հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Դատախազությունը հայտարարել է, որ այդ որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում:

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։

Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, ըստ որի` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս:

Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին: Նույն օրը ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի:

«Մենք իրենց կսովորեցնենք խոսելու ձևը». Փաշինյանը ներկայացրեց Ծառուկյանների քրգործերը