Ծառուկյանին չկալանավորելը կապված է նրա տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ. Սիմոնյան

ԱԺ փոխնախագահի մեկնաբանմամբ՝ դատարանը ոչ թե մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, այլ կալանքի փոխարեն առաջարկել է այլ՝ ազատազրկման հետ չկապված միջոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը դատարանը հիմնավորեց: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Ծառուկյանի կալանավորումը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 21-ի որոշումը:

Գագիկ Ծառուկյանն այնքան չկա՞, որ ազդի նախաքննության վրա, թե՞ խորհրդարանը խայտառակ եղավ

«Իսկ խափանման միջոցը, որն իմ ենթադրություններով կապված է պարոն Ծառուկյանի տարիքի, ՀՀ-ում կորոնավիրուսի առկայության հետ, միգուցե դրանք դատավորի կողմից հանդիսացել են ինչ-որ պատճառներ՝ ընտրելու այնպիսի խափանման միջոց, որը կապված չէ անձին ազատությունից զրկելու հետ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ դատարանը ոչ թե մերժել է խափանման միջոց կիրառել Ծառուկյանի նկատմամբ, այլ առաջարկել է այլ խափանման միջոց կիրառել:

Հիշեցնենք` հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Դատախազությունը հայտարարել է, որ այդ որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում:

«Զգույշ ընտրեք բառերը». Ծառուկյանի պաշտպանի խորհուրդը դատախազությանը

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։

Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, ըստ որի` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս:

Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

ԱԱԾ–ն Գագիկ Ծառուկյանի թեմայով դիմել է քաղաքացիներին. տեսանյութ

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Դատական ակտն անհիմն և ապօրինի է. Ծառուկյանի հարցով դատախազությունը կդիմի Վերաքննիչ դատարան

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին: Նույն օրը ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: