Քոչարյանը վերադարձել է տուն, բայց կշարունակի վերականգնողական բուժումը

Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան` կշարունակի անհրաժեշտ բուժումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացնում են, որ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

«Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Նա, բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան, կշարունակի վերականգնողական բուժումը»,–նշված է գրասենյակի ֆեյսբուքյան էջում։

Քոչարյանի գրասենյակը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում Քոչարյանների ընտանիքին աջակցած խոշոր գործարարներին և բարերարներին, ինչպես նաև այն բազմաթիվ քաղաքացիներին, որոնք նախօրեին կամավորության սկզբունքով գումարներ են փոխանցել պետական համապատասխան հաշվեհամարին։

Ռոբերտ Քոչարյանն արդեն տանն է

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը երեկ մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ կարձակվի 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Գումարը վճարելու համար օրենքով կարճ ժամանակ է սահմանված՝ ընդամենը երկու օր։

Դրան հաջորդել էր ՀՀ դատախազության հայտարարությունը, ըստ որի`պատրաստվում են Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել։
Մինչ այդ` դեռ մայիսի 8-ին, Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։

Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակած դատավորին և նրա ընտանիքին սպառնում են

Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը։ Այս որոշումն էլ Վերաքննիչում բողոքարկել էին Քոչարյանի պաշտպանները, որն էլ մասնակի բավարարեց Վերաքննիչը։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

«Որևէ խնդիր չի առաջանա». Քոչարյանի պաշտպանը` գրավի համար 2 մլրդ դրամը վճարելու մասին