ՍԴ–ն «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի որոշ հոդվածներ հակասահմանադրական է ճանաչել

Սահմանադրական դատարանը քննել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը և եզրակացրել, որ ԱԺ–ի ընդունած օրենքները հակասում են Սահմանադրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բանկային գաղտնիքի մասին» և քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների մի քանի հոդվածները։ Տեղեկությունը հայտնում է ՍԴ մամուլի ծառայությունը։

Ի՞նչ ունի պաշտոնյայի բարեկամ ուսուցիչը, կամ երբ բանկային գաղտնիքն այլևս գաղտնիք չէ

«Ազգային ժողովի կողմից ընդունված` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող: Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող», - գրված է հաղորդագրությունում։

Մարգարյան. «Օրենքի փոփոխությունը կարող է հանգեցնել բանկային տվյալների արտահոսքի»

Օրենքներից մեկով նախատեսվում է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի, և առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման: Միաժամանակ նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ:

Հիշեցնենք` փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած երկու օրենքները և դիմել է ՍԴ։

Հունիսի 12-ին նախագահի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Սարգսյանը ստորագրել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը։