Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի

Դատավորը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահն ազատ կարձակվի, հենց որ վճարվի երկու միլիարդ դրամ գրավը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի. այսօր Վերաքննիչ քրեական դատարանում կայացած նիստի ժամանակ նման որոշում կայացրեց դատավոր Արսեն Նիկողոսյանը։

«Դատարանը որոշեց` Երևանի առաջին ատյանի դատարանի մայիսի 13-ի որոշումը մասնակիորեն բեկանել. Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակել, իսկ առաջին ատյանի դատարանի` անձնական երաշխավորությանն առնչվող որոշումը թողնել անփոփոխ։ Որպես գրավ դատարանի դեպոզիտ հաշվին պետք է փոխանցվի 2 մլրդ ՀՀ դրամ»,–ասաց դատավորը` հավելելով, որ Քոչարյանն ազատ կարձակվի, հենց որ գրավը վճարեն։

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Քոչարյանին գրավով ազատելու գումարի չափը` 2 մլրդ դրամ, ՀՀ պատմության մեջ աննախադեպ է։

«Իմ պրակտիկայում նման ծավալով ու բովանդակության դատական նիստ չէի տեսել։ Այսքան ժամանակ առաջին անգամ Վերաքննիչում բարձր վարկանիշով դատավորը քննեց Քոչարյանի գործը և որոշեց բավարարել մեր միջնորդությունը։ Ցանկացած դիտորդի համար այս մի քանի օրվա դատական նիստերն առավել քան ակնհայտ դարձրին, որ այս գործով կալանավորում չի կարող լինել»,–ասաց Վարդևանյանը։

Որքա՞ն արժեն Քոչարյանի որդու և դստեր բնակարանները. դրանք կարող են գրավի առարկա դառնալ

Նրա խոսքով` ՀՀ–ում ցանկացած օբյեկտիվ իրավաբան կարող է ասել, որ այս գործով փաստական տվյալների հիման վրա գրավը լիովին կիրառել էր դեռ մինչ այս էլ։ Վարդևանյանը հայտնեց նաև, որ դատարանն իրենց բողոքը բավարարեց մասնակի, ինչը նշանակում է, որ անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը (նախկին վարչապետների ներկայացրած անձնական երաշխավորության առնչությամբ), սակայն ընդունեց գրավի միջնորդությունը։

Նշենք, որ Քոչարյանն այժմ «Իզմիրլյան» կենտրոնում է։

Դեռ մայիսի 8-ին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը։ Այս որոշումն էլ Վերաքննիչում բողոքարկել էին Քոչարյանի պաշտպանները։

Հիշեցնենք` երեկվա դատական նիստում Քոչարյանը պատասխանել էր դատավորի հարցերին` ասելով, որ իր կենսագրությունից ելնելով մի բրենդ է ձևավորվել, ըստ որի` ինքը փախչողը չէ։ Այդ բրենդի խաթարմանն ուղղված որևէ քայլ Քոչարյանը չի պատրաստվում անել։

Դատախազությունը պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը