Արթուր Ջավադյանը հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվել

Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահը նոր առաքելություն պետք է իրականացնի։ Վարչապետը ստորագրել է որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանին հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակել։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԿԲ նախագահին և առաջարկեց նրան ճանապարհել ծափերով

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,– նշված է որոշման մեջ։

Փաշինյանը փաստաթուղթը ստորագրել է այսօր` հունիսի 16-ին։

Նշենք, որ Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան։

Արթուր Ջավադյանը Կենտրոնական բանկի նախագահն էր 2008 թվականից։ Նա 2 անգամ է ընտրվել այդ պաշտոնում։ Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրացավ հունիսին։ Երեկ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին ներկայացրեց ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանին։