ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. «Իմ քայլը» խմբակցությունը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար արդեն իսկ որոշում է կայացրել։ Խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Նիստի ժամանակ քննարկել ենք Ազգային ժողովի քառօրյայի օրակարգը, իհարկե, անդրադարձ է եղել Ծառուկյանին առնչվող դատախազի միջնորդությանը։ «Իմ քայլը» որոշում է կայացրել, որի մասին կհայտնենք վաղը` փակ, գաղտնի քվեարկության ժամանակ»,– ասաց Մակունցը։
Հարցին, թե միաձա՞յն է «Իմ քայլի» որոշումը կայացվել, թե՞ տարաձայնություններ են եղել, Մակունցը պատասխանեց, որ չի ուզում այդ մասին խոսել։
Անդրադառնալով ԲՀԿ–ի հայտարարություններին, թե Ծառուկյանի դեմ ընթացող գործընթացը քաղաքական է, Մակունցն արձագանքեց, որ պետք է զերծ մնալ իրավական գործերին քաղաքական երանգ հաղորդելուց։
Գագիկ Ծառուկյանի կիրակնօրյա «արկածները». տեսանյութ
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչու երկու տարի առաջ նման որոշում չէին կայացնում և դեռ մի բան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշագիր էր ստորագրում Ծառուկյանի հետ` Մակունցը նշեց, որ իրականում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համաձայնության մասին էր պայմանավորվածությունը։ Մակունցի խոսքով` Ծառուկյանը հայտնել էր իր պատրաստակամությունը սատարելու` հեղափոխությունը մինչև վերջ հասցնելուն, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությւոններին մասնակցելուն։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Ազգային ժողովը ստացել է գլխավոր դատախազի միջնորդությունները պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ: Դրանք ընդգրկվել են վաղվա լիագումար նիստի օրակարգում։
Գագիկ Ծառուկյանը բոլոր հարցերին սպառիչ պատասխան է տվել. փաստաբանը մանրամասներ է հայտնում
ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի` Առինջում գտնվող առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրեցին ԱԱԾ՝ հարցաքննության: Նրա աջակիցները հավաքվեցին ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապնդումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում ոստիկանության ուժերը բերման ենթարկեցին մասնակիցներից ավելի քանի 100-ին: Նրանց թվում էին նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԲՀԿ անդամներ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:
Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործերը:
Այսպես՝ առաջին քրեական գործը վերաբերում է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող «Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեությանը, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:
Երկրորդ քրեական գործով բացահայտվել են ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամները:
Երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանը օտարված հողատարածքին: Ըստ քրեական գործի՝ Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
ԱԱԾ-ն բացահայտել է ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր