Արտակարգ դրություն 4. կյանքի ու առողջության իրավունքից մինչև հավաքներ անցկացնելու իրավունք

Մարտի 16-ից ՀՀ-ում գործող արտակարգ դրությունը երկարացվեց 3-րդ անգամ: Կառավարության հերթական որոշումը իրավական ու քաղաքական իրարամերժ գնահատականների արժանացավ: Ընդդիմությունը պնդում է` նպատակը հավաքները սահմանափակելն է, իշխանությունը վստահեցնում է` կյանքեր է փրկում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. ՀՀ կառավարությունը, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի անհրաժեշտությամբ պայմանավորված, Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու արդեն 4-րդ որոշումը կայացրեց:

Արդյունքում մարտի 16-ից մեր երկրում գործող արտակարգ դրությունը երկարացվեց 3-րդ անգամ: Կառավարության այս հերթական որոշումը տարաբնույթ իրավական ու քաղաքական գնահատականների արժանացավ: Քաղաքական ընդդիմադիր շրջանակներն ասում են, թե արտակարգ դրությունը իշխանությունն օգտագործում է բացառապես քաղաքացիներին բողոքի ակցիաներ, հավաքներ անելու սահմանադրական իրավունքից զրկելու համար: Իշխանությունն ի հակադրություն այս մեղադրանքների` ներկայացնում է երկրում համավարակի հետևանքով ամեն օր գրվող ցավալի վիճակագրությունը:

Քաղաքագետ Կնյազ Սարոյանը ևս Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կառավարության ընդունած վերջին որոշումը, ի տարբերություն նախորդների, հստակ ուղղված է միայն հավաքների ազատության իրավունքի սահմանափակմանը:

«Եթե վերցնում ենք արտակարգ դրության ռեժիմի սահմանման նախնական տարբերակները, ապա տեսնում ենք, որ այնտեղ կային հանրային կյանքի մի շարք ոլորտների նկատմամբ սահմանափակումներ, այդ թվում՝ մարդու իրավունքների իրացման հետ կապված: Բայց եթե մենք վերցնում ենք արդեն վերջին տարբերակը, որն այսօր ընդունվեց ու համադրում ենք նախորդների հետ, տեսնում ենք, որ նախկինում գործող բոլոր սահմանափակումները հանվել են, ու վերջնական տարբերակում կա միայն խաղաղ հավաքների, պիկետների, ցույցերի անցկացման սահմանափակումը»,- ասաց Սարոյանը:

Նրա խոսքով` տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում համաճարակի տարածմանն ու խորացմանը նպաստում են միայն հավաքները: Այս տեսակետից, ըստ քաղաքագետի, հարցն ավելի շատ քաղաքական նպատակադրումների տիրույթում է, քան զուտ համավարակի դեմ տարվող գործողությունների:

«Այդպիսի հույսերն իզուր են, վարչական տույժերը չեն չեղարկվելու». Փաշինյան

Քաղաքագետը նշում է, որ նախկինում սահմանված տնտեսական գործունեության, ազատ տեղաշարժի հետ կապված բոլոր սահմանափակումներն այս վերջին որոշմամբ հանվել են, թողնվել է միայն հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը:

Նրա համոզմամբ` այս դրույթի քաղաքական ենթատեքստի մասին է վկայում նաև հունիսի 12-ին ԱԺ-ի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին ու մի քանի այլ քաղաքացիներին բերման ենթարկելը:

«Հրապարակված կադրերից էլ երևում է, որ մարդիկ, սահմանված բոլոր ցուցումներին հետևելով, իրարից պատշաճ հեռավորության վրա կանգնած ինչ-որ խնդրի մասին էին բարձրաձայնում: Այսինքն՝ ըստ էության այստեղ ակցիա կար, բայց որպես հավաք դիտարկել, որն արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով արգելված է, այդ մասին խոսք լինել չէր կարող»,- ասաց Սարոյանը:

Նրա տպավորությամբ` ոստիկանության գործողություններ ավելի շատ ուղղված էին ակցիան տապալելուն, քան պարետի որոշումներ խախտելու հետևանքով քաղաքացիների նկատմամբ սանկցիա կիրառելուն:

«Բացառված չէ, որ, այո՛, ակցիան տապալելն ուներ քաղաքական խնդիր»,- ասաց Սարոյանը:

Հիշեցնենք, Ռուբեն Մելոյանն ու մի քանի այլ իրավապաշտպաններ երեկ ԱԺ–ի դիմաց իշխանություններից պահանջում էին վերադարձնել հավաքներ և ցույցեր անելու իրավունքը:

«Խոսում է Նիկոլ Փաշինյանը». փողոցներում ու բակերում կհնչի բացառապես վարչապետի ձայնը

Մինչդեռ նույն պահին ՀՀ կառավարության արտահերթ նիստում կառավարությունը որոշում էր կայացնում Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնելու մասին:

Ավելի ուշ ԱԺ-ում կառավարության որոշման քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները ևս իրենց ելույթներում հայտարարեցին, որ անգամ համավարակի ու արտակարգ ռեժիմի պայմաններում իշխանությունն իրավունք չունի քաղաքացիներին զրկելու բողոքի, հավաքների անցկացման ազատության իրավունքից:

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը, սակայն, ասում է, որ ընդդիմադիրների այս մեղադրանքն անհեթեթ է, ու նման տեսակետ արտահայտողներին նա հիշեցնում է Հայաստանում ամեն օր գրանցվող մի քանի հարյուր վարկակիրների ու շուրջ տասնյակ մահացածների մասին:

«Ուղղակի փաստ է, որ իշխանությունն այսօր պայքարում է մարդկանց կյանքերը փրկելու համար, իսկ ինչի համար են իրենք պայքարում` ես չգիտեմ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է հիմնական սահմանափակումներից միայն հավաքների սահմանափակման արգելքը թողնելու՝ ընդդիմության առաջ քաշած տեսակետին, Հովակիմյանի համար այն ևս անհասկանալի է, քանի որ նրա դիտարկմամբ` թեև տնտեսական գործունեությանն ու որոշ այլ իրավունքներին պատկանող սահմանափակումները հանվել են, բայց մի շարք կարևոր՝ մարդկանց վարքին վերաբերող սահմանափակումներ մնացել են: Ու դրանք հնարավոր է քաղաքացուն պարտադրել միայն արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում:

«Որպեսզի քաղաքացին տնից դուրս գալիս, մեքենայի մեջ տրանսպորտում դիմակ դնի, տրանսպորտ բարձրանալիս դիմակից բացի նաև ձեռնոց կրի, որպեսզի հանրային վայրերում ախտահանման միջոցառումներ իրականացվի, այս բոլոր կանոնները հնարավոր է կիրառել միայն արտակարգ դրության պայմաններում»,- ասաց Հովակիմյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը հունիսի 12-ին արտահերթ նիստում որոշեց արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 13-ը։