Թոքերի օդափոխման սարքին միացվածների 90 տոկոսը մահանում է. Թորոսյանը նոր տվյալներ հայտնեց

Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե կորոնավիրուսով վարակվածներից քանիսի վիճակն է ծանր կամ ծայրահեղ ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում  ճեպազրույցի ժամանակ հայտնեց` կորոնավիրուսով վարակված հիվանդներից շուրջ 520–ի վիճակը ծանր է. թիվը վերջին օրերին չի նվազում։

«Երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը 100–ին մոտ էր, իսկ ծանր վիճակում շուրջ 420 վարակակիր կա։ Սա շատ մեծ թիվ է»,–ասաց նախարարը։

Լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից. Թորոսյան

Թորոսյանը վստահեցրեց, որ մահճակալներն այս պահին հերիքում են, հոսպիտալացման կարիք ունեցողների թիվն ավելի տանելի է։ Նրա խոսքով` վերջիններիս մեջ չկան ծայրահեղ ծանր կամ ծանր վիճակում գտնվողներ, հիմնականում միջին ծանրության հիվանդներն են։

Նախարարը մանրամասնեց` վերակենդանացման բաժանմունքներում տեղ կա, սակայն դա չի նշանակում, որ վիճակը լավ է։ Թորոսյանը հայտնեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների 70 տոկոսը մահանում է, իսկ թոքերի օդափոխման սարքին միացված պացիենտների 90 տոկոսի մոտ է մահացություն գրանցվում։

Հիշեցնենք` այսօր կառավարությունը որոշում կայացրել արտակարգ դրության ժամկետը երկարացնել մինչև հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ։

Հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:

Դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի աճի տեմպերի անկման մասին. Թորոսյան

Վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։