Աշնանը կորոնավիրուսը կնահանջի՞. նախարարը ստիպված է տխրեցնել

Արսեն Թորոսյանը վստահեցնում է` նույնիսկ վարակը հաղթահարած երկրների մոտ ձմեռային սեզոնին կորոնավիրուսի տարածման վտանգը մնում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետարքրքվեցին` արդյո՞ք աշնանը կորոնավիրուսի անկում կլինի։ Ի պատասխան Թորոսյանը նշեց, որ ստիպված է տխրեցնել, քանի որ բոլոր սուր շնչառական վարակներն աշնանն ակտիվանում են։

«Կախված եղանակային պայմաններից` յուրաքանչյուր երկրում սուր շնչառական վարակներն ակտիվանում են աշնան սկզբին կամ վերջին։ Մեզ մոտ նոյեմբերի վերջին են հիմնականում դրանք ակտիվանում։ Այդ շրջանում մարդիկ ավելի շատ են մնում տներում` չօդափոխելով տարածքը, ինչն էլ վարակի տարածման համար նպաստավոր պայման է»,–ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով` նույնիսկ վարակը հաղթահարած երկրների մոտ ձմեռային սեզոնին կորոնավիրուսի տարածման վտանգը մնում է։

Լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից. Թորոսյան

Նա նշեց նաև, որ նաև այդ պատճառով է, որ առողջապահական համակարգի հզորությունները զարգացնելիս հաշվի չեն առնում միայն այս պահի կարիքը։

Հիշեցնենք` հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:

Վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։

Դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի աճի տեմպերի անկման մասին. Թորոսյան