«Բադասյանն իմ ընկերն է». ՊԵԿ նորանշանակ նախագահը` իր և նախարարի հարաբերությունների մասին

ՊԵԿ նորանշանակ նախագահը պատասխանել է մի քանի հարցի, այդ թվում իր` բանակում ծառայած–չծառայած լինելու մասին լուրերին է անդրադարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը չի ժխտում, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ մտերիմ է։ Factor.am–ի հետ զրույցում Հովհաննիսյանը հաստատել է` Բադասյանն իր ընկերն է։

Սակայն հերքել է լուրերը, թե ՊԵԿ նախագահի պաշտոնը ստացել է հենց այդ պատճառով և Բադասյանն անձամբ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ միջնորդել իր համար։

«Ճիշտ է, Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել»,–ասել է Հովհաննիսյանը։

Հարցին, թե ինչպես եղավ, որ վարչապետի ընտրությունը կանգ է առել հենց իր վրա` Հովհաննիսյանը պատասխանել է, թե ճիշտ կլինի` հենց վարչապետն էլ պատասխանի այդ հարցին։ Սակայն Հովհաննիսյանը նշել է` կարող է ենթադրել, որ իր աշխատանքի ընթացքին հետևելով է նման որոշում կայացվել։

Անդրադառնալով բանակում ծառայած-չծառայած լինելու լուրերին` ՊԵԿ նորանշանակ նախագահը հայտնել է, որ չի ծառայել։ Նա պարզաբանել է, որ օրենքով սահմանված կարգով ստացել է տարկետում` երեխաներ ունենալու հանգամանքով պայմանավորված։ Սակայն Հովհաննիսյանը զինապարտ է, ընդգրկված է պահեստազորում։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին աշխատանքից ազատվելու դիմում էր գրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Հաջորդ օրը` հունիսի 5-ին, նոր նախագահ էր նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը։

Ինչո՞ւ հեռացավ Դավիթ Անանյանը, և ինչո՞ւ է լռում Փաշինյանը