Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն է

ՀՀ երկրորդ նախագահն այժմ «Իզմիրլյան» բուժկենտրոնում է, նա այնտեղ կմնա մինչև համավարակի ավարտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբանական թիմը։

«Կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված` սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հունիսի 9-ին նշանակված դատական նիստը, ըստ դատարանից ստացված տեղեկատվության, հետաձգվելու է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վարչական դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցը, որի համաձայն` մինչև կորոնավիրուսի ավարտը Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում։

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը

Վերջին դատական նիստին՝ մայիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատարան։  Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ, հետևաբար չի կարող մասնակցել նիստին։

Հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել վարչական դատարան՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու վերաբերյալ որոշման վերանայման հայցով։

2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց էր ընտրվել  կալանավորումը։

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների փուլին անցնելու բոլոր հիմքերն ունի. դատախազ