Քոչարյանին կալանքից ազատած դատավորի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կդադարեցվի

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը 3 դրվագով միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին և ստացել էր այդ համաձայնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կդադարեցվի։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Դավիթ Գրիգորյանի փաստաբանները դիմել են ՄԻՊ–ին. ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Թաթոյանը

«Այսօր երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը և, ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի, վերջինս արդարցվեց։
Ցավակցում ենք ՀՔԾ և դատախազությանը»,–գրել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ 2019թ.-ի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը երեք դրվագով միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։

Դավիթ Գրիգորյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում,  նրա աշխատասենյակում խուզարկություն էր կատարվել ու այն կնիքվել էր։

2019թ. հուլիսի 27-ի որոշմամբ ԲԴԽ–ն դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն էր տվել:

Մելիքյան. «Ճնշումը դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա՝ կոնկրետ Քոչարյանի գործից բխող ճնշում էր»

20202-ի մայիսի 15–ին ՀՔԾ–ն հայտարարություն տարածեց, համաձայն որի` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ: 

Նշենք, որ 2019թ.–ի մայիսի 18–ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։