Գյումրեցի 13-ամյա Նազելին կապրի հորաքրոջ հետ. դասընկերներն անհամբեր նրան են սպասում

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը երեք ամիս տևած բուժումից հետո շուտով հիվանդանոցից դուրս կգրվի։ Նազելիի ու նրա եղբոր խնամքով կզբաղվի նրանց հորաքույրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա Նազելի Խաչատրյանը կապրի հորաքրոջ հետ։ Spitnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գյումրու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը` հայտնելով, որ այսօր հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել ու նման որոշում կայացվել։

Դեռ մարտի 5-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» հիվանդանոց էր տեղափոխվել նրա 13-ամյա դուստրը` Նազելի Խաչատրյանը: Ամիսներ անց Նազելիի բուժումն իր արդյունքը տվեց. երեկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից հայտնեցին, որ երեխան արդեն լիովին բուժվել է, սակայն մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում` մինչև նրա խնամակալության հարցը լուծվի։

«Նիստի ժամանակ Նազելիի խնամակալության ու հոգաբարձության իրավունք է տրվել հորաքրոջը, որը նման դիմում էր ներկայացրել։ Աղջկա եղբայրը նույնպես նրանց հետ կապրի. տղան Հայաստանից նորից Ռուսաստան գնալու ցանկություն չունի»,–ասաց Բաղրամյանը։

Նրա խոսքով`հորաքույրը, որի հետ կապրեն երեխաները, Նազելիենց տան հարևանությամբ է ապրում և դեռ կորոշեն` հորաքրո՞ջ, թե՞ հենց Նազելիենց տանն էլ կապրեն բոլորով։ Երեխաների խնամքը ստանձնող կինը նույնպես ունի երեխաներ, բայց, ըստ Բաղրամյանի, նրանք արդեն ամուսնացել են ու յուրաքանչյուրն իր ընտանիքն ունի։ 

«Չեմ ուզում գնալ հիվանդանոցից». Գյումրիում ծեծված 13-ամյա Նազելին արդեն լավացել է

Շուտով կլուծվեն երեխաների թոշակի և նպաստի հարցերը և ընտանիքը սոցիալական խնդիրներ չի ունենա։ Ի դեպ` հորաքրոջ` սկզբնական շրջանում Նազելիի խնամակալը դառնալուց հրաժարվելու պատճառներից մեկն էլ հենց սոցիալական հարցն է եղել։

Բաղրամյանը հայտնեց նաև, որ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ղեկավարության հետ, որ աղջկան երկու օրից տուն տանեն։

Օրինակելի վարքով, աշխույժ երեխա է. Գյումրիում ծեծված աղջնակը մնացել է առանց խնամակալի

«Բուժման ողջ ընթացքում երեխայի հետ հոգեբաններն աշխատել են։ Մենք էլ վերահսկելու ենք նրան և հորաքրոջն էլ ասել ենք այդ մասին։ Եթե կարիք լինի, մեր մասնագետները կզբաղվեն նրանով, սակայն այս պահի դրությամբ երեխան իրեն լավ է զգում»,–ասաց Բաղրամյանը։

Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն արդեն ինքնուրույն է շնչում. նրան այցելել է Փաշինյանը

Նա նշեց նաև, որ Նազելիի եղբոր խնդրով նույնպես զբաղվել են` տղան նախորդ տարի տեղի տարածաշրջանային քոլեջից դուրս է մնացել ինչ–ինչ պատճառներով, սակայն քոլեջի տնօրենի հետ կա պայմանավորվածություն, որ վերականգնեն նրա տեղը։

Նազելիի եղբայրը ծրագրավորում է սովորել, ու Բաղրամյանը վստահեցնում է` ամեն ինչ անելու են, որ նա ավարտի քոլեջը։

Ինչ վերաբերում է Նազելիի` դպրոցում ուսումը շարունակելուն, ապա դպրոցի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը հայտնեց, որ աղջիկն այս ընթացքում մասնակցել է հեռավար դասերին` կրթությունից դուրս չի մնացել և հաջորդ դասարան տեղափոխվելու խնդիր չունի։

«Երբ Նազելիին առաջարկեցի մասնակցել հեռավար դասերին, նա շատ ոգևորվեց։ Ճիշտ է, նա գերազանցիկ չէ, բայց լավ է սովորում։ Վստահ եմ, որ դպրոց փոխելու հարց չի առաջանալու, և Նազելին հենց իր դասարանում էլ շարունակելու է ուսումը։ Նրա հետ խոսելու ընթացքում էլ այդպես եմ համոզվել, բացի այդ, հորաքույրն էլ նույն տարածքում է ապրում»,–ասաց տիկին Անդրիասյանը։

Նա նշեց նաև, որ Նազելիի դասընկերները մշտապես կապի մեջ են եղել աղջկա հետ և անհամբեր սպասում են, թե նա երբ է տուն վերադառնալու։ Դպրոցի տնօրենն ասաց` կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, ճիշտ է, շատ այցեր չեն լինի, բայց երկուական աշակերտներով կայցելեն Նազելիին։

Հիշեցնենք, որ Նազելիի մոր սպանության դեպքով հարուցված քրգործով մի երիտասարդ է կալանավորվել, որը նույն տարածքի բնակիչ է:

Հարևանների խոսքով` տղամարդն ինքն է դեպքի մասին մորը տեղեկացրել, մայրն էլ զանգել է շտապօգնություն:

Գյումրիում հայտնաբերվել է 43–ամյա կնոջ ծեծված դի. նրա 13–ամյա դուստրը հիվանդանոցում է