Երեխայի երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է. Զարուհի Բաթոյան

Հայաստանում ապրում է շուրջ 778,400 երեխա, նրանցից ավելի քան 145,000 -ը՝ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. Հայաստանում ապրում է շուրջ 778,400 երեխա, նրանցից 8623-ը հաշմանդամություն ունեն։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է օրվա խորհրդին և երեխայի՝ ընտանիքում ապրելու և մեծանալու կարևորությանը։

Պետք է այնպես անենք, որ իրականությունը լինի ձեր երազանքի նման. նախագահի շնորհավորանքը

«Այս տարի այն անցնում է մեզ համար անսովոր պայմաններում, չեն լինելու տոնական միջոցառումներ, բայց ստեղծված իրավիճակը լավ առիթ է՝ ընտանեկան միջավայրում երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, նրանց երազանքների և ցանկությունների մասին խոսելու, միմյանց ավելի շատ սեր ու ջերմություն տալու համար»,- գրել է նախարարը և ներկայացրել մեր երկրում ապրող երեխաների վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ապրող երեխաներից ավելի քան 145,000-ն ապրում է ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում։ Պետության ենթակայությամբ գործող մանկատներում խնամք է ստանում 623 երեխա, որից 457-ը առողջական խնդիր ունեն։ Գիշերօթիկ հաստատությունում խնամք է ստանում 83 երեխա։

Նախարարը նշել է, որ անկախ երեխայի սեռից, տարիքից, առողջական կամ այլ վիճակներից, նրա զարգացման և երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է։ Այդ պատճառով էլ պետության քաղաքականությունն ուղղված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը։

«2019-ին մեր ջաքերի շնորհիվ գիշերօթիկ հաստատություններից և մանկատնից շուրջ 200 երեխա վերադարձավ կենսաբանական ընտանիք, իսկ այս տարի գրեթե եռապատկել ենք երեխաների ցերեկային ծառայությունները. 2019 թ-ի 1160 շահառուի փոխարեն 2020 թ-ին ծառայություններ ենք նախատեսել շուրջ 3900 երեխայի համար Երևանում և հանրապետության բոլոր մարզերում՝ ընդգրկելով 30 խոշոր բնակավայրեր»,- տեղեկացրել է նախարարը։

Սեռական դաստիարակության մասին պնդումները սուտ են. նախարարը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին

Բաթոյանը նշել է նաև, որ եռապատկվել  է աջակցություն ստացող ընտանիքների թիվը՝ այդպիսով կանխարգելելով նաև երեխաների մուտքը հաստատություններ։ Նրա խոսքով՝ իրականացված ծրագրերի շնորհիվ այս տարի հաշմանդամության հիմքով մանկալքությունների թիվը շեշտակիորեն կրճատվել է: Յուրաքանչյուր երեխա պետք է ընտանիքում ապրի և հաստատությունում չհայտնվի միայն սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: Դրա համար էլ պետության ջանքերն ու ռեսուրսներն ուղղվում են հենց ընտանիքների աջակցությանը։ Նա նշել է, որ ապաինստիտուցիոնալացման այս ճանապարհը չափազանց բարդ է, բայց երեխայի որևէ իրավունքի իրացման հարցում զիջան չեն գնալու։

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

Հիշեցնենք՝ նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացավ, երբ սկսվեց «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» հիմնարկների լուծարման գործընթացը։ Մասնագետներն ուսումնասիրություն էին կատարել և եզրակացրել, որ հանրապետության 4 գիշերօթիկ հաստատությունների 260 երեխաներից միայն 20-ի դեպքում է, որ կենսաբանական ընտանիք վերադառնալը նպատակահարմար չէ։ Փոխարենը նախարարությունն ընդլայնում է ցերեկային խնամքի հաստատությունների ցանկը, նաև զարգացնում խնամատարության ինստիտուտը։