Վարդանյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց պետության հեղինակության հետ խաղալու մեջ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ասաց, որ պետք չէ կոնֆիդենցիալ հարցերը բարձրաձայնել. դա կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից բավականին վրդովված անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին։

Մարուքյանը կասկածի տակ էր առել Վարդանյանի անաչառությունը որպես Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում COVID 19-ի զեկույցի համազեկուցող։

«Չեմ կարող չանդրադառնալ պարոն Մարուքյանի ասածներին. մե՜ծ, մեծ հարցական է՝ արդյո՞ք պարոն Մարուքյանն իրավունք ուներ այդ հարցը բարձրաձայնել որպես իրավաբան, որպես պատգամավոր, որպես ԵԽԽՎ անդամ և որպես իրավական հարցերի և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, որովհետև դա դեռևս կոնֆիդենցիալ է, որոշումը դեռ կայացված չէ»,–ասաց Վարդանյանը:

Նա հավելեց՝ այո, քննարկվում էր հարց, որ ինքն էլ կարող է նշանակվել զեկուցող, չնայած այս քննարկումից հետո չգիտի՝ ինչ կստացվի: Նա ասաց, որ զեկույցը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը COVID-19-ի պայմաններում:

«ԱԺ-ում երկակի ստանդարտներ են կիրառվում»․ Մարուքյանը հրաժարվում է դիմակ կրել

«Երաշխավորել եմ և երաշխավորում եմ, որ ես, այո՛, օբյեկտիվ եմ լինելու բոլոր 47 պետությունների նկատմամբ և արձանագրելու եմ ցանկացած խախտում, որը, իմ կարծիքով, կգտնվի արժանի արձանագրվելու այդ զեկույցում, բայց այս կարգի հարցերը բերել և քննարկել ԱԺ ամբիոնից, վտանգել պետությանդ հեղինակությունը, կասկածի տակ դնել որոշակի գործընթացներ... Չեմ ուզում մեկնաբանել, թող մեկնաբանի ՀՀ քաղաքացին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված` ԱԺ նիստերի դահլիճում նախազգուշացվելուց հետո 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

«Ուզում եմ խոստովանել, որ սխալ էինք»․Արարատ Միրզոյանը` Արցախում դիմակ չկրելու մասին

Էդմոն Մարուքյանը Միրզոյանի այս հայտարարությունը համարեց ոչ սահմանադրական, նշելով, որ ԱԺ նիստերին առանց դիմակի խոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։

Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար, արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

Նա մեղադրեց Միրզոյանին ԱԺ-ում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, հիշեցնելով, որ երբ իր հանդեպ բռնություն էին գործադրում, որևէ պատգամավորի նախազգուշացում չտրվեց և որևէ պատգամավոր դուրս չհրավիրվեց ԱԺ դահլիճից։

Մարուքյանը նաև հայտարարեց, որ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է հաստատվի որպես COVID 19-ի զեկույցի համազեկուցող, որով նա 47 անդամ-պետություններում պետք է տեսնի` մարդու իրավունքներն ինչպես են խախտել COVID 19-ի ժամանակ` արտակարգ դրությունից ելնելով։

«Սա անպատասխանատվության գագաթնակետն է». Ռուբինյանը` Մարուքյանի դիմակ չկրելու պահանջի մասին

Մարուքյանը մեղադրեց Վարդանյանին, որ նա ձայն չի հանում, երբ ԱԺ-ում երկակի ստանդարտներ են կիրառվում և, ըստ էության, ոտնահարվում է Սահմանադրությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի սխալ կիրարկմամբ, հետևաբար, կասկածի տակ է Վարդանյանի` Եվրոպայի խորհրդում օբյեկտիվ զեկուցով հանդես գալու հարցը։