«Անհապաղ ներկայացրեք ապացույցներ». ԱՆ խոսնակը դիմել է ֆեյք լուրեր տարածողներին

ՀՀ ԱՆ մամուլի խոսնակն անդրադարձել է սոցցանցային այն շահարկումներին՝ իբրև հանգուցյալի հարազատներին 100.000 դրամ են առաջարկում, որպեսզի մահը գրանցեն որպես կորոնավիրուսի հետևանք։ Նիկողոսյանը հորդորել է փաստեր ներկայացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադարձել է վերջին շրջանում անընդհատ շահարկվող մի թեմայի, ըստ որի՝ Հայաստանում հանգուցյալի հարազատներին առաջարկում են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ իրենց հարազատը մահացել է կորոնավիրուսի հետևանքով։

Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ

«Նման լուրեր տարածողների կարող եք գտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ինչպես նաև նախարարության ֆեյսբուքյան մեկնաբանություններում։ Անհասկանալի այս լուրերի հետևից փորձել ենք գնալ, սակայն գրառումներ կատարողներից որևէ արձագանք չենք ստացել և չենք գտել սկզբնաղբյուրը։ Գրառումների մեծ մասն արվում են հիմնականում ֆեյք էջերից՝ օրինակը սքրինշոթում։ Այս անհեթեթ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Անհասկանալի է նաև, թե ո՞րն է պետության շարժառիթը՝ չհիմնավորված մահեր ունենալու և վիճակագրությունն «ուռճացնելու»»,- գրել է նա։

Նիկողոսյանն ընդգծել է, որ անձի մահը գրանցելու պահից մինչև դին հարազատներին հանձնելու գործընթացը վերահսկվում է նախարարության կողմից։

Նրա խոսքով՝ որոշ խմբեր օգտվում են իրավիճակից և առիթը բաց չեն թողնում վարկաբեկելու առողջապահության նախարարության աշխատանքը։

«Այնուամենայնիվ, եթե կան մարդիկ, ովքեր դեռ պնդում են, որ այդ երևույթը կա մեզանում, խնդրում ենք անհապաղ ներկայացնել ապացույցներ»,- եզրափակել է Նիկողոսյանը։

Նշենք, որ այս թեման վերջին շրջանում նոր թափ է հավաքել և մարդիկ չգիտեն ում հավատալ, քանի որ սոցցանցային օգտատերեից շատերը՝ նաև կեղծ էջերից, նման գրառումներ են կատարում։

Հիշեցնենք, որ մայիս 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4472 դեպք: Նրանցից փաստացի բուժում են ստանում 2463-ը, կատարվել է 40230 թեստավորում, առողջացել են վարակվածներից 1925–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 60 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 5-ով) և մահվան 24 անուղղակի դեպք: