Սեդա Սաֆարյանի հարազատների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ անձ է կալանավորվել

Փաստաբանի դստեր, փեսայի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ևս մեկ անձ հետախուզվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ փաստաբան Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող երկու անձանցից մեկը:

Սաֆարյան. «ԱԺ ծեծկռտուքը ցույց տվեց, որ Հայաստանն ունի քաղաքական մշակույթի լուրջ խնդիր»

«Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննությունը շարունակվում է:

ՔԿ–ն հիշեցնում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 22:30-ին, Երևանի Մուշ թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են, աղմկել, հայհոյել և Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրել:

Սեդա Սաֆարյանի հարազատներին ծեծելու գործով 2 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հիշեցնենք՝ Սեդա Սաֆարյանը «Մարտի 1»–ի` սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչն է։ Հայաստանյան տարբեր ԶԼՄ-ներ անդրադարձել էին Սաֆարյանի այն հայտարարությանը, թե ապրիլի 24-ին  մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել իր դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ Սաֆարյանը կասկածներ էր հայտնել, որ կատարվածը կարող է կապ ունենալ իր մասնագիտական գործունեության հետ։