«Վիզդ կկտրեմ». Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ծեծեցին իրար. տեսանյութ

ԱԺ-ում կառավարության 2019թ-ի ծրագրի կատարողականի քննարկումն անցնում է բավական թեժ մթնոլորտում: Քննադատություններից հետո հերթը հասավ ձեռնամարտին:
Sputnik

ԱԺ-ի այսօրվա նիստում կառավարության 2019թ-ի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը քաշքշեցին, խփեցին իրար:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Իմ քալյը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում վիրավորական արտահայտություններ օգտագործեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ զգուշացրեց, որ նման արտահայտությունները լարում են առաջացնում:

Է՛լ «այ հոգնած», է՛լ «անբարոյականի վաստակ». Աժ-ում կրքերը գագաթնակետին հասան. տեսանյութ

«Իմ քայլից» Սասուն Միքայելյանին դուր չեկավ Մարուքյանի նկատողությունն իր թիմակցին: Նա սպառնաց, որ «կցխի» Մարուքյանին ու ձեռքը տարավ իր առջև դրված ջրի շշին: Հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանն ժամանակին հեռացրեց այն:

Բայց Միքայելյանը վեր կացավ տեղից ու մոտեցավ ամբիոնի մոտ կանգնած Մարուքյանին: Ճիշտ դահլիճի կենտրոնում նա ապտակեց Մարուքյանին, ապա  սկսեցին խփել ու քաշքել միմյանց:

Վեճին խառնվեցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ այս ամենը տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

Դահլիճի հանդարտվելուց հետո Մարուքյանը դարձյալ մոտեցավ ամբիոնին: «Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսելու եմ: Էն ո՞վ եկավ թաքուն մեջքիս խփեց»,- հարցրեց նա:

Բայց Սասուն Միքայելյանը դարձյալ միջամտեց՝ սպառնալով կտրել Մարուքյանի վիզը: «Իմ վիզը կտրող չի ծնվել: Հերիք է այստեղ «շմայսություն» անես: Հերիք է, չի լինելու այդ մշակույթն այստեղ, հեղափոխություն է եղել նաև այդ մշակույթի համար»,- պատասխանեց Մարուքյանը:

Ալեն Սիմոնյանի հետ փողոցում «հաշիվներ են պարզել». արյունոտ լուսանկար է հրապարակվել

Այս երկխոսությունից հետո դահլիճը երկրորդ անգամ խառնվեց իրար: Պատգամավորների մի մասը մոտեցավ Միքայելյանին, մյուսը՝ Մարուքյանին՝ փոձելով կանխել երկրորդ ընդհարումը:

Ստեղծված իրավիճակի պատճառով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդհատեց նիստն ու ընդմիջում հայտարարեց մինչև 11:00:

Բայց, քանի որ դահլիճում այդպես էլ կարգ ու կանոն չհաստատվեց, խոսնակը 11:05-ին հայտարարեց, որ ընդմիջումը երկարաձգվում է մինչև 14:30: